ՀՅԴ Բյուրոյի անդամ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Արսեն Գևորգյանի մահվանը՝ գրելով. «Այսօր քրեակատարողական հիմնարկում մահացել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ստեփանավան համայնքի «Ուժեղ Հայաստանի» քաղաքական ուժի թեկնածու 46-ամյա Արսեն Գևորգյանը:
Միջազգային և ՀՀ օրենսդրությամբ կալանքը մարդու ազատության խափանման բացառիկ և ծայրահեղ խափանման միջոցն է։ Այսպես է թղթի վրա, բայց իրական Հայաստանում այն դարձել է կեղեքման, մարդու արժանապատվության նվաստացման, քաղաքական ընդդիմադիրներին և այլախոհներին պատժելու, կյանքից զրկելու ռեպրեսիվ գործիք։
Ընդդիմադիր առաջատար ուժերի առաջնորդների և ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող անձանց շարունակվող կալանավորումներն ակնհայտ քաղաքական բռնաճնշումներ են, վրեժխնդրություն և հալածանքներ, որոնք որևէ առնչություն չունեն արդարադատության, մարդու իրավունքների և հորջորջված ժողովրդավարության հետ։
Մարդն արժեք չէ և վերջ․ սա է իրականությունը։ Այսօր հերթական անգամ առերեսվեցինք ՀՀ քաղաքացու ամենակարևոր իրավունքների՝ կյանքի և ազատության իրավունքի զրկման հետ։
Սա սոսկ ողբերգության արձանագրում չէ, այլ՝ համակարգված և համակարգային բռնաճնշումների համապատկերի մաս, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է։
Ցավակցում եմ Արսեն Գևորգյանի հարազատներին»։