Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել

2026 թվականի երրորդ եռամսյակում Հայաստան, Սերբիա, Վրաստան  մեկնած Ռուսաստանի քաղաքացիների թիվը, համեմատած նախորդ տարիների նույն ժամանակահատվածների հետ, հասել է վերջին 17 տարվա առավելագույն ցուցանիշին։ Այս երկրները համարվում են հակապատերազմական արտագաղթի հանրաճանաչ ուղղություններ։ Այդ մասին վկայում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ ծառայության վիճակագրական տվյալները, որոնց ուշադրություն է դարձրել «Վյորստկա»(Вёрстка) պարբերականը։

Սահմանապահ ծառայության տվյալների համաձայն՝ հուլիսից սեպտեմբեր Սերբիա է մեկնել Ռուսաստանի 64,8 հազար քաղաքացի։ Սա շուրջ 14 հազարով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2024 թվականի երրորդ եռամսյակում, երբ երկիր էր մեկնել 53,2 հազար մարդ։

Երրորդ եռամսյակում Վրաստան մեկնածների թիվը հասել է 660,3 հազարի, ինչը 43,3 հազարով ավելի է, քան 2025 թվականի երրորդ եռամսյակում (այդ ժամանակ գրանցվել էր նախորդ ռեկորդային ցուցանիշը)։ Բացի այդ՝ վիճակագրության համաձայն՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում Վրաստան է մեկնել 43%-ով ավելի շատ մարդ, քան 2022 թվականի երրորդ եռամսյակի մոբիլիզացիայի ժամանակահատվածում (461,2 հազար)։ Միևնույն ժամանակ, 2022 թվականին Վրաստան շատ ավելի հաճախ են մեկնել ավտոմեքենաներով՝ 460,6 հազար՝ 2026 թվականի 418,4 հազարի դիմաց։

Նույն ժամանակահատվածում՝ 2026 թվականի երրորդ եռամսյակում, Հայաստան է մեկնել Ռուսաստանի 402,3 հազար քաղաքացի։ Համեմատության համար ՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում, երբ գրանցվել էր նախորդ ռեկորդային ցուցանիշը, երկիր էր մեկնել Ռուսաստանի 344,7 հազար քաղաքացի, այսինքն՝ 57 հազարով պակաս։

Ինչպես Սերբիայի և Վրաստանի դեպքում, 2010 թվականից ի վեր նախորդող ոչ մի եռամսյակում Հայաստան մեկնած Ռուսաստանի քաղաքացիների թիվն այնքան բարձր չի եղել, որքան 2026 թվականին։

Լրատվամիջոցը գրում է, որ սահմանապահ ծառայության վիճակագրությունը հաշվի է առնում այդ երկրներ մեկնած Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ անկախ ուղևորության նպատակից։ Այդ տվյալների հիման վրա հնարավոր չէ պարզել, թե կոնկրետ քանի մարդ է երկարաժամկետ հեռացել ՌԴ-ից՝ պատերազմի կամ քաղաքական իրավիճակի պատճառով։

Ավելի վաղ լրատվամիջոցը գրել էր, որ պայմանագրային զինծառայողների հավաքագրման հետ կապված խնդիրների պատճառով ռուսական իշխանությունները քննարկում են բանակի համալրման կտրուկ միջոցներ՝ պահեստազորայինների ռոտացիա կամ մոբիլիզացիայի նոր ալիք։

«Կովչեգ» իրավապաշտպան կազմակերպությունում պատմել էին, որ մոբիլիզացիայի մասին լուրերի ֆոնին Ռուսաստանի քաղաքացիները սկսել են զգալիորեն ավելի հաճախ հետաքրքրվել արտագաղթով, այդ թվում՝ ռուսաստանցիների շրջանում տարածված ուղղություններով՝ Հայաստան, Վրաստան և Սերբիա։ Հուլիսի վերջին Երևանի անշարժ գույքի գործակալները  լրատվամիջոցին հայտնել էին Հայաստանում բնակարանների վարձակալության մասով ՌԴ քաղաքացիների պահանջարկի կտրուկ աճի մասին։

 

Թարգմանությունը՝  Էմմա Չոբանյանի

 

Leave a comment