ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Ալեն Սիմոնյանի գրառումը կարդալիս մի պահ մտածում ես՝ մարդը քաղաքական ընդդիմության միավորման գաղափարն է ծաղրում, թե՞ սեփական իշխանության քաղաքական վախերն է փորձում հումորի տակ թաքցնել։
Իհարկե, շատ ավելի հարմար կլիներ, որ ընդդիմադիր ուժերը շարունակեին իրար դեմ պայքարել, փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել, անցյալի հաշիվներ պարզել ու հերթով պարտվել։ Այդ դեպքում իշխանության համար ամեն ինչ շատ ավելի կանխատեսելի կլիներ։ Բայց, ցավոք, ձեզ համար, ընդդիմադիր ուժերը սկսել են հասկանալ մի պարզ բան՝ Հայաստանի ճակատագիրը ձեր իշխանությունը պահպանելու համար նախատեսված խաղահրապարակ չէ։
Ինչ վերաբերում է «0-ին գումարած 0»-ին, ապա մի փոքր մաթեմատիկա հիշեցնեմ։ Երբ մի քանի քաղաքական ուժեր, որոնք առանձին-առանձին կարող են չունենալ բավարար ռեսուրս, միավորվում են ընդհանուր նպատակի շուրջ, ստացվում է ոչ թե զրո, այլ քաղաքական համախմբում։ Իսկ երբ իշխանությունը սեփական հաջողությունը չափում է ընդդիմության մասնատվածությամբ, դա արդեն ոչ թե քաղաքական ուժի, այլ քաղաքական կախվածության ցուցիչ է։
Եվ մի հարց էլ՝ եթե այդ մարդիկ իսկապես զրո են, եթե նրանց նույնիսկ իրենց տնեցիները չեն ընտրում, ապա ինչո՞ւ է ձեզ այդքան անհանգստացնում նրանց հանդիպումը։ Թող հավաքվեն, նկարվեն, զրուցեն։ Չէ՞ որ, ձեր իսկ հաշվարկով, դա ոչինչ չի փոխելու։
Թե՞ իրականում հասկանում եք, որ ձեր իշխանության համար ամենամեծ վտանգը ոչ թե առանձին ընդդիմադիր գործիչներն են, այլ այն պահը, երբ նրանք վերջապես դադարում են միմյանց դեմ պայքարել։
Իսկ «ասելիք չունեք» արտահայտության մասին։ Ասելիք ունենալու և երկիրը կառավարելու միջև, ինչպես ցույց տվեց ձեր իշխանության փորձը, երբեմն ահռելի տարբերություն կա։ Դուք էլ ժամանակին շատ ասելիք ունեիք։ Արդյունքը, ցավոք, երկիրն է վճարում։
Ու մի բան էլ հիշեք՝ ընդդիմության հանդիպումների կադրերը ծաղրելը դեռ քաղաքական ծրագիր չէ։ Դա պարզապես քաղաքական փաստարկների բացակայությունը հումորի միջոցով քողարկելու փորձ է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: