Հասարակություն
10.11.2026 | 15:51
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ ուսումնասիրություն է սկսվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առնչությամբ։ ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու պետական մարմիններից։
ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
«Նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արձանագրված` կալանավորված անձ Արսեն Գևորգյանի մահվան դեպքին առնչվող` ՄԻՊ մանդատին վերաբերելի հարցերը ուսումնասիրելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն: Դրա շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից։
Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, այդ թվում՝ կյանքի և առողջության պաշտպանության պարտավորությունը գտնվում է պետության պատասխանատվության ներքո։ Պետությունը պարտավոր է ապահովել նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը։
Մարդու իրավունքների պաշտպանն իր ցավակցությունն է հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին և նրա հարազատներին»։
Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածուն էր։ Նա կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։
Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել էր։ Նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերել հերթապահ բուժակը, ապա հրավիրվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է նրա կենսաբանական մահը։ ՔԿԾ-ն հայտնել է, որ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում Գևորգյանը առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել։
Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան»-ը հայտնել էր Գևորգյանի մահվան մասին՝ պատասխանատվությունը վերագրելով իշխանություններին։ Միավորված ընդդիմությունը նույնպես համատեղ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով բացահայտել մահվան հանգամանքները, ապահովել արդարադատությունն ու վերականգնել արդարությունը։