Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար. Հայկ Կոնջորյանը՝ դեսպան Չանգսանին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Այդ մասին հայտնում են ԱԺ-ից։

Հանդիպմանը մասնակցել է նաև բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը։

Հայկ Կոնջորյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել արդյունավետ պաշտոնավարում՝ ի նպաստ երկկողմ համագործակցության զարգացման։ Նա ընդգծել է, որ Հնդկաստանն առանցքային նշանակություն ունեցող երկիր է Հայաստանի համար՝ երկկողմ հարաբերությունների և կապերի հետագա զարգացման տեսանկյունից։

Դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է բարեկամական խմբերի գործունեության կարևոր դերը երկկողմ կապերի ամրապնդման համատեքստում։

Հայկ Կոնջորյանն իր հերթին արժևորել է խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը կապերի խորացման գործում՝ հավելելով, որ երկու ժողովուրդներն ունեն պատմական, ավանդական բարեկամական հարաբերություններ։

Leave a comment