Ըստ թուրքական մերձիշխանական լրատվամիջոցի՝ Զանգեզուրի միջանցքում սկսվում են տեխնիկական աշխատանքները․ Ermenihaber.am

Ermenihaber.am-Թուրքական մերձիշխանական «Hurriyet» լրատվական կայքում հրապարակվել է «Զանգեզուրի միջանցքում սկսվում են տեխնիկական աշխատանքները» վերնագրով նյութ։ Նշվել է, որ ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ստեղծվել են եռակողմ տեխնիկական աշխատանքային խմբեր՝ «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղին» (TRIPP) իրականացնելու համար, որը նախատեսվում է կապել Ադրբեջանը Նախիջևանի հետ՝ անցնելով Հայաստանի տարածքով։

ԱՄՆ-ի, Ադրբեջանի ու Հայաստանի պաշտոնյաներից և տեխնիկական փորձագետներից կազմված խմբերն առաջին փուլում կենտրոնանալու են տրանսպորտային և էլեկտրահաղորդման գծերի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ 2025-ի օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրի համաձայն՝ նախագիծը նպատակ ունի Նախիջևանի միջոցով Ադրբեջանը Թուրքիային միացնել մոտ 43 կիլոմետրանոց երթուղիով, որը նախկինում հայտնի էր որպես «Զանգեզուրի միջանցք» անվամբ:

Նախատեսվում է, որ նախագծի շինարարությունը, որն ընդգրկում է երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, էներգետիկ ու թվային ենթակառուցվածքներ, կմեկնարկի 2027-ին։ Նախագծի մշակման և կառավարման համար պատասխանատու ընկերությունում ԱՄՆ-ին կպատկանի բաժնեմասերի 74%-ը, իսկ Հայաստանին՝ 26%-ը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment