ԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին։ Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների դատական իշխանությունների միջև մասնագիտական կապերի զարգացման հեռանկարներին։

ԲԴԽ նախագահը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության շրջանակում դատական իշխանությունների անմիջական երկխոսության ձևավորումն ու փորձի փոխանակումը։

Արթուր Աթաբեկյանն ընդգծել է, որ Չինաստանի՝ դատական համակարգի արդիականացման և տեխնոլոգիական լուծումների ներդրման փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել Հայաստանի դատական համակարգում իրականացվող թվային փոխակերպման գործընթացների համար։ Այս համատեքստում ԲԴԽ նախագահն առանձնացրել է մասնագիտացված թվային դատարանների գործունեության, վեճերի առցանց քննության կազմակերպման, թվային ապացույցների հավաստիության ապահովման և պահպանման փորձի ուսումնասիրությունը։ Նա հատուկ ընդգծել է դատական համակարգում արհեստական բանականության օժանդակ գործիքակազմի կիրառման հեռանկարների կարևորությունը։

Միաժամանակ կարևորվել է տեխնոլոգիական լուծումների ներդրման իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ուսումնասիրությունը՝ Հայաստանի օրենսդրության և անձնական տվյալների պաշտպանության պահանջների համատեքստում։ Կողմերն անդրադարձել են Չինաստանի Գերագույն ժողովրդական դատարան և մասնագիտացված թվային դատարաններ ճանաչողական այցերի կազմակերպման հնարավորություններին՝ կարևորելով դատավորների ու դատական ծառայողների մասնակցությունը մասնագիտական վերապատրաստման ծրագրերին։ Հանդիպման ավարտին արձանագրվել է երկու երկրների դատական համակարգերի միջև անմիջական մասնագիտական շփումների հաստատմանն ուղղված առաջիկա աշխատանքային քննարկումների անհրաժեշտությունը։

Leave a comment