Քաղաքականություն
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Եռակողմ ձևաչափով բանակցությունները կշարունակվեն երկու օր։ Ինչպես սպասվում է, կողմերը կքննարկեն Ուկրաինայում պատերազմն ավարտելու սկզբունքները և Եվրոպայում հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունը։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինականը՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ-ը ներկայացնում են Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները։
Բացի այդ՝ բանակցությունների ընթացքում Աբու Դաբիում ներկա կլինեն, սակայն դրանց անմիջական մասնակցություն չեն ունենա Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները (ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով), ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։ Կրեմլն ընդգծել էր, որ եվրոպական պատվիրակությունը բանակցություններին չի մասնակցում։ Երեքշաբթի առավոտյան, սակայն,Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպել են եվրոպական պատվիրակության հետ։ Այս մասին հայտնել էր Ռուստեմ Ումերովը։
Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունների նախորդ փուլն անցկացվել էր 2026 թվականի փետրվարին՝ Ժնևում, իսկ դրանից առաջ՝ Աբու Դաբիում։
Ուկրաինայի իշխանությունները նույնպես բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են քննարկել առաջնորդների անձնական հանդիպման կազմակերպման հնարավորությունը։ Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ միայն այդ ձևաչափով հնարավոր կլինի լուծել պատերազմի ավարտին վերաբերող ամենաբարդ հարցերը։ Սակայն Կրեմլը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Ուկրաինայի նախագահին միայն Մոսկվայում, ինչը Կիևի համար անընդունելի է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի