Tesla-ն բախվել է մի իրավիճակի, երբ Cybertruck էլեկտրական պիկապի նկատմամբ պահանջարկը զգալիորեն գերազանցում է ընկերության արտադրական հնարավորությունները, ինչի հետևանքով ստիպված կլինի հաճախորդների մի մասին վերադարձնել կանխավճարները։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը։
Գործարարը ստեղծված իրավիճակը մեկնաբանել է X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։
«Մենք կփորձենք հնարավորինս շատ ավտոմեքենաներ արտադրել մինչև մոտավորապես ութ ամիս անց արտադրական գիծը կանգնեցնելու անհրաժեշտություն առաջանա, սակայն շատերին ստիպված կլինենք վերադարձնել կանխավճարները», – գրել է նա։
Նրա խոսքով՝ անհավասարակշռության պատճառն այն է, որ Cybertruck-ի պատվերների աճի տեմպերը զգալիորեն գերազանցում են ընկերության արտադրական հնարավորությունները։ Միևնույն ժամանակ Tesla-ն լրացուցիչ արտադրական հզորություններ է հատկացնում Cybercab ռոբոտաքսիների թողարկումն ավելացնելու համար։
Պիկապի արտադրությունը կրճատելու որոշումը տեղավորվում է ընկերության զարգացման՝ Մասկի ավելի վաղ ներկայացրած ռազմավարության շրջանակում։ Ավելի վաղ նա հայտնել էր նաև, որ Tesla-ն նախատեսում է 2027 թվականին կրճատել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը Տեխասում գտնվող Gigafactory գործարանում՝ ազատված հզորություններն օգտագործելով Cybercab ռոբոտաքսիների արտադրությունն ավելացնելու համար։
Այսպիսով, ընկերությունը գիտակցաբար պատրաստ է զոհաբերել մեկ մոդելի արտադրության ծավալները՝ հանուն մյուսի արտադրության ընդլայնման, որը Tesla-ի ղեկավարությունը համարում է ռազմավարական առումով ավելի կարևոր։
Cybertruck-ը ֆուտուրիստական դիզայնով էլեկտրական պիկապ է՝ չժանգոտվող պողպատե թափքով։ Tesla-ն դրա արտադրությունը սկսել է 2023 թվականի վերջին՝ 2019 թվականին նախատիպի ներկայացումից և մի քանի տարվա ձգձգումներից հետո։ Չնայած արտադրության ծավալների վերաբերյալ ի սկզբանե ներկայացված հավակնոտ ծրագրերին՝ 2025-2026 թվականներին մոդելի վաճառքները զգալիորեն զիջել են ընկերության սպասումներին։ Բացի այդ, տեխնիկական անսարքությունների պատճառով ավտոմեքենան բազմիցս հայտնվել է հետկանչի ծրագրերում։
Cybercab-ը երկտեղանոց ինքնավար էլեկտրամեքենա է՝ առանց ղեկի և ոտնակների, որը Tesla-ն ներկայացրել է 2024 թվականի հոկտեմբերին։ Այն նախագծվել է հատուկ ռոբոտաքսիների ծառայությունում օգտագործելու համար։ Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ Cybercab-ը կդառնա ինքնավար տրանսպորտի զարգացման ընկերության ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկը։ Նախատեսվում է մոդելի սերիական արտադրությունը սկսել 2026-2027 թվականներին՝ մեկ միավորի համար շուրջ 30 հազար դոլար նպատակային գնով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։