Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել

Հասարակություն

10.11.2026 | 12:42

«Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը նոյեմբերի 10-ի առավոտյան մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ կալանավորի ինքնազգացողությունը վատացել է, նրան առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, ապա հրավիրվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմն արձանագրել է նրա կենսաբանական մահը։

«Նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, 1980թ․ ծնված կալանավորված անձ (կալանքի սկիզբը՝ 21․10․2026թ․) Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատթարացման պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը կալանավորված անձին ցուցաբերել է առաջին բուժօգնությունը։

Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։

Նշենք, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ ընտրակաշառքի գործով։ «Ուժեղ Հայաստան»-ը նրա կալանավորումը որակել էր քաղաքական հետապնդում։

Leave a comment