ՄՌՏ-ից մինչև բանկոմատ․ 5 հայազգի գիտնական, որոնք իրենց հետքն են թողել տեխնոլոգիաների պատմության մեջ․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Մարդու մարմնի առաջին ՄՌՏ պատկերներից մեկը ստանալու համար պահանջվել է մոտ հինգ ժամ, բանկային ինքնասպասարկման վաղ սարքերից մեկը լուսանկարել է մուտքագրվող գումարը, իսկ բարձրադիր թռիչքների համար նախատեսված թթվածնային դիմակի մշակմանը մասնակցել է հայազգի բժիշկ։ Այս և այլ տեխնոլոգիաների զարգացման պատմության մեջ իրենց ներդրումն ունեն հայազգի գիտնականներ ու գյուտարարներ։
Նոյեմբերի 10-ին նշվող Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվա առթիվ «Նովոստի–Արմենիա»-ն ներկայացնում է հինգ հայազգի գիտնականների և գյուտարարների, որոնց աշխատանքներն առնչվում են բժշկությանը, բանկային տեխնոլոգիաներին, ավիացիային և տիեզերական հետազոտություններին։
1. Արթուր Բուլբուլյան․ թթվածնային դիմակ՝ բարձրադիր թռիչքների համար
1930-ականներին ավիացիան արագ զարգանում էր, իսկ ինքնաթիռները թռչում էին ավելի մեծ բարձրությունների վրա։ Դրա հետ մեկտեղ առաջանում էր կարևոր խնդիր՝ ինչպես օդաչուներին և ուղևորներին ապահովել բավարար թթվածնով։
Այս խնդրի լուծմանն իր ներդրումն է ունեցել հայազգի բժիշկ Արթուր Բուլբուլյանը։
1938 թվականին նա Mayo Clinic-ի մասնագետներ Ուոլթեր Բութբիի և Ռանդոլֆ Լավլեյսի հետ ստեղծել է BLB թթվածնային դիմակը։ Անվանումը կազմվել էր երեք մասնագետների ազգանունների սկզբնատառերից։
Մշակման աշխատանքներն իրականացվել են նաև Northwest Airlines-ի նախաձեռնությամբ, որը ձգտում էր բարձրացնել բարձրադիր թռիչքների անվտանգությունը։
1938 թվականի օգոստոսին դիմակը փորձարկվել է 7 ժամ 40 րոպե տևած թռիչքի ընթացքում։ Թռիչքի մի մասն անցկացվել է շուրջ 9,45 կմ բարձրության վրա։ Փորձարկումը հաջողությամբ է ավարտվել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թթվածնային դիմակները կատարելագործվել են ռազմական ավիացիայի պահանջներին համապատասխան։
Բուլբուլյանի և նրա գործընկերների աշխատանքը նպաստել է բարձրադիր թռիչքների ժամանակ թթվածնով ապահովման համակարգերի զարգացմանը։
2. Աննա Կազանջյան-Լոնգոբարդո․ սուզանավերից մինչև տիեզերական ծրագրեր
Ինչպե՞ս որոշել սուզանավի դիրքը ջրի տակ կամ ապահովել տիեզերական սարքավորումների հուսալի աշխատանքը բարդ պայմաններում։ Նման տեխնոլոգիական խնդիրների լուծմանն իր մասնակցությունն է ունեցել հայազգի ինժեներ Աննա Կազանջյան-Լոնգոբարդոն։
1949 թվականին նա դարձել է Կոլումբիայի համալսարանում մեքենաշինության բակալավրի աստիճան ստացած առաջին կինը, իսկ 1952 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։
Շուրջ 15 տարի աշխատելով American Bosch Arma Corporation-ում՝ Կազանջյան-Լոնգոբարդոն մասնակցել է սուզանավերի նավիգացիոն համակարգերի կատարելագործմանը։ Այդ համակարգերն օգնում էին առավել ճշգրիտ որոշել սուզանավերի դիրքն ու շարժման ուղղությունը։
Հետագայում նրա մասնագիտական գործունեությունն առնչվել է նաև ամերիկյան հրթիռային և տիեզերական ծրագրերին, այդ թվում՝ «Saturn», «Viking» և «Atlas» նախագծերին։
Նա ղեկավարել է նաև ճառագայթման նկատմամբ դիմացկուն համակարգիչների մշակման նախագծեր։
Կազանջյան-Լոնգոբարդոն աջակցել է ինժեներական ոլորտում կանանց ներգրավվածությանը և 1991 թվականին ընտրվել Կանանց ինժեներների միության պատվավոր անդամ։
3. Լյութեր Սիմջյան․ բանկային սարք, որը լուսանկարում էր գումարը
Պատկերացրեք բանկային սարք, որը թույլ է տալիս գումար մուտքագրել առանց աշխատակցի օգնության, սակայն գործարքը հաստատելու համար լուսանկարում է մուտքագրված գումարը։
Նման սարք էր ստեղծել հայազգի գյուտարար Լյութեր Սիմջյանը՝ այն անվանելով Bankograph։
Bankograph-ը բանկային ինքնասպասարկման վաղ սարքերից էր։ Այն հնարավորություն էր տալիս հաճախորդներին մուտքագրել գումար և չեկեր՝ առանց բանկի աշխատակցի անմիջական մասնակցության։
1960-ականների սկզբին Նյու Յորքի First National City Bank-ը փորձարկել է Սիմջյանի Bankograph սարքը։ Այն ընդունում էր կանխիկ գումար և չեկեր, իսկ ներկառուցված տեսախցիկը լուսանկարում էր մուտքագրվող թղթադրամներն ու մետաղադրամները՝ հաճախորդին տրամադրելով գործարքը հաստատող լուսանկարային անդորրագիր։ Սարքը լայն տարածում չի ստացել հաճախորդների սահմանափակ հետաքրքրության պատճառով։
Կարևոր է, որ Bankograph-ը ժամանակակից բանկոմատ չէր․ այն կանխիկ գումար չէր տրամադրում և բանկային քարտերով գործարքներ չէր կատարում։
Այնուամենայնիվ, Սիմջյանի գյուտը դարձել է ավտոմատացված բանկային սպասարկման պատմության վաղ օրինակներից մեկը։ Կանխիկ գումար տրամադրող բանկոմատները սկսել են տարածվել ավելի ուշ՝ 1960-ականների երկրորդ կեսից։
4. Ռեյմոնդ Դամադյան․ ՄՌՏ սկանավորում, որը տևել է հինգ ժամ
Այսօր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) բժշկության կարևորագույն ախտորոշիչ մեթոդներից է։ Սակայն դրա զարգացման վաղ փուլում մարդու մարմնի պատկերը ստանալու համար պահանջվում էին ժամեր։
Հայազգի բժիշկ Ռեյմոնդ Դամադյանը ՄՌՏ տեխնոլոգիայի զարգացման առաջամարտիկներից էր։ Նա առաջարկել է մագնիսական ռեզոնանսն օգտագործել մարդու հյուսվածքներն ուսումնասիրելու և առողջ ու հիվանդ հյուսվածքների միջև տարբերությունները հայտնաբերելու համար։
1971 թվականին Դամադյանը հրապարակել է համապատասխան գիտական հետազոտությունը, իսկ 1974 թվականին` ստացել իր գյուտի արտոնագիրը։
1977 թվականի հուլիսի 3-ին Դամադյանի և նրա գործընկերների ստեղծած «Indomitable» սարքով ստացվել է մարդու մարմնի առաջին ՄՌՏ պատկերներից մեկը։ Հետազոտվել է թիմի անդամ Լոուրենս Մինկոֆի կրծքավանդակը, իսկ մեկ պատկերի ստացման համար պահանջվել է մոտ հինգ ժամ։
Լուսանկարը՝ SUNY Downstate համալսարանի պաշտոնական արխիվ
Հետագայում Դամադյանը հիմնադրել է FONAR ընկերությունը, որը զբաղվել է ՄՌՏ սարքերի մշակմամբ և առևտրայնացմամբ։ Նրա աշխատանքները դարձել են բժշկական պատկերավորման տեխնոլոգիաների զարգացման կարևոր փուլերից մեկը։
5․ Ամալյա Կոստանյան․ թղթի պես բարակ և ճկուն էկրանի նախատիպ
Պատկերացրեք էկրան, որը գրեթե թղթի պես բարակ է, ճկվում է և կարող է թափանցիկ լինել։ Նման տեխնոլոգիայի նախատիպի մշակմանը մասնակցել է հայ հետազոտող Ամալյա Կոստանյանը։
Քեմբրիջի համալսարանում նա աշխատել է գրաֆենի և այլ նանոնյութերի հիման վրա էլեկտրաօպտիկական սարքերի ստեղծման ուղղությամբ։
Գրաֆենը ածխածնի ատոմների մեկ շերտից կազմված չափազանց բարակ նյութ է, որի հատկությունները հնարավորություն են տալիս ուսումնասիրել նոր տեսակի էլեկտրոնային սարքերի ստեղծումը։
Լուսանկարը՝ Amalya Kostanyan/ Facebook
2015 թվականին Կոստանյանն իր գործընկերների հետ հրապարակել է գրաֆենի և հեղուկ բյուրեղների հիման վրա լույսի ցրման սարքի վերաբերյալ հետազոտություն։
2018 թվականին տված հարցազրույցում նա պատմել է, որ գործընկերների հետ մշակել է բարակ, ճկուն, էներգաարդյունավետ և թափանցիկ էկրանի նախատիպ։
Նրա խոսքով՝ մշակման համար Cambridge Enterprise-ի միջոցով արտոնագրային հայտ էր ներկայացվել, և արտոնագիր էր ստացվել։
Նման տեխնոլոգիաները կարող են կիրառվել խելացի ապակիներում, լուսաթափանցելիությունը կարգավորող մակերեսներում և նոր սերնդի էկրաններում։
Թեև խոսքը հետազոտական մշակումների և նախատիպերի մասին է, դրանք ցույց են տալիս, թե ինչպես կարող են նանոտեխնոլոգիաները փոխել ապագայի էլեկտրոնային սարքերը։
Այս հինգ պատմությունները տարբեր ժամանակների և գիտական ոլորտների մասին են, սակայն ունեն մեկ ընդհանրություն․ դրանց հեղինակները փորձել են լուծել խնդիրներ, որոնք ժամանակին չափազանց բարդ էին թվում։ Նրանց աշխատանքները հիշեցնում են, որ տեխնոլոգիական առաջընթացը հաճախ սկսվում է մեկ հարցից՝ իսկ հնարավո՞ր է դա անել այլ կերպ։