ՀՀ պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է թվային հարցերով նախարարական առաջին հանդիպմանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցում է ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակ» միջոցառման շրջանակում անցկացվող թվային հարցերով նախարարական անդրանիկ հանդիպմանը։ Նախարարին ուղեկցում է նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Հավաքի հիմնական նպատակն է շուրջը համախմբել Եվրոպական միության անդամ պետությունների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի թվային փոխակերպման համար պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների ու մասնավոր հատվածի առաջատար դեմքերին՝ քննարկելու տարածաշրջանային թվային կապակցվածության զարգացման հեռանկարներն ու համատեղ ձեռնարկները։

Միջոցառման օրակարգում առանցքային տեղ են զբաղեցրել ենթակառուցվածքային ու կարգավորիչ կապակցվածության, անվտանգ թվային կապի ապահովման, արհեստական բանականության ժամանակակից էկոհամակարգերի զարգացման և վստահելի թվային միջավայրի ձևավորման հարցերը։ Բարձր մակարդակի քննարկումների առանձին հատված նվիրված է եղել Տրանսկասպյան միջանցքի երկայնքով թվային կապերի ընդլայնմանն ու տարածաշրջանային փոխգործակցության խորացմանը։

«Արհեստական բանականություն» խորագիրը կրող պանելային քննարկումների ընթացքում հայկական կողմը ևս ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու համագործակցության եզրերը։ Նախարարական հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի և Մոլդովայի տնտեսական զարգացման ու թվայնացման նախարարության սերտ համագործակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment