Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ սուպերմարկետների սառնարանների  վրա մի շարք  հաքերային հարձակումների  հետևում կանգնած է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։ Այս մասին նա հայտնել է  նախօրեին Փարիզում G7-ի նախարարական հանդիպումից հետո ունեցած ելույթի ժամանակ, գրում է Current time-ը։

Բարոյի խոսքով՝ Ֆրանսիան հետաքննություն է անցկացնում, իսկ Իրանի դեսպանը կկանչվի հարցաքննության։ Նա հավելել է, որ Ֆրանսիան միջոցներ կձեռնարկի մեղավորների դեմ՝ եվրոպական մակարդակով անհրաժեշտ պատժամիջոցներ սահմանելու միջոցով։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ հարձակումների հետևում կանգնած է «Շահիդ Քավեh» կիբերստորաբաժանումը, որը կապված է ԻՀՊԿ-ի էլեկտրոնային և կիբերանվտանգության կենտրոնի հետ։ Գերատեսչության տվյալներով՝ կիբերհարձակումները պատճառել են «զգալի նյութական վնաս, այդ թվում՝ հրդեհներ, ինչպես նաև ենթադրաբար տասնյակ միլիոնավոր եվրոյի վնաս՝ սննդամթերքի և այլ ապրանքների կորստի հետևանքով»։

«Այս կործանարար կիբերհարձակումներն անհիմն են, աններելի և խախտում են միջազգային իրավունքը։ Դրանք նաև հակասում են կիբերտարածությունում պետությունների պատասխանատու վարքագծի վերաբերյալ ՄԱԿ-ի նորմատիվ շրջանակի սկզբունքներին, որին միացել է Իրանի Իսլամական Հանրապետությունը»,– հայտարարել է նախարարությունը։

2026 թվականի լույս  հոկտեմբերի 12-ի գիշերը Ֆրանսիայի հարյուրավոր սուպերմարկետներ ենթարկվել էին կիբերհարձակման, որի հետևանքով շարքից դուրս էին եկել սառեցման համակարգերը։

Հաքերները կոտրել էին դանիական Danfoss ընկերության սառնարանային սարքավորումների կառավարման համակարգերը։ Դա նրանց հնարավորություն է տվել հեռակա կարգով փոխել սառնարանային և սառցարանային խցիկների ջերմաստիճանը։ Արդյունքում՝ մի քանի ժամվա ընթացքում դրանց ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 50 աստիճան։ Խանութները ստիպված էին եղել դեն նետել փչացած սննդամթերքը։

Կիբերհարձակման հետևանքով տուժել էր Intermarché և Netto ցանցերի 300 խանութ, ինչպես նաև Coopérative U ցանցի՝ 100-ից պակաս խանութ։ Բացի խոշոր առևտրային ցանցերից, հարձակումը կարող էր ազդել նաև Metro սուպերմարկետների և անկախ առևտրային կետերի, մասնավորապես՝ մսային խանութների վրա։

 

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment