Իշխող ուժը եւ նրա քարոզչական թեզերը սպասարկող շրջանակները գտել են Սահմանադրության փոփոխության ադրբեջանական պայմանը բավարարելու նոր «փաստարկ»։ «Փաստարկի» տրամաբանությունը հետեւյալն է. Ադրբեջանն ուզում է, որ չստորագրվի խաղաղության պայմանագիր, բայց ուզում է, որ պատճառը լինի Հայաստանը, եւ հետեւաբար՝ երբ Հայաստանում դեմ են արտահայտվում Սահմանադրության փոփոխությանը, ապա այդպիսով բավարարում են Ադրբեջանի հաշվարկը։ Այդպիսով, ակնառու է, որ կառավարող ուժը ձեռնամուխ է լինում հասկացությունների նենգափոխման «հարազատ» ոճին։ Փաստորեն, փորձ է արվում շրջել իրավիճակը եւ ընդդիմությանը մեղադրել Ադրբեջանի հաշվարկը բավարարելու համար։
Գործնականում, ինչ է տեղի ունենում իշխանության այդ «փաստարկի» շնորհիվ։ Այդ փաստարկի շնորհիվ իշխանությունը ըստ էության կիրառում է ադրբեջանական աքցան։ Ինքնին լինելով Ադրբեջանի նարատիվների եւ թելադրանքի ազդեցության տակ, իշխանությունը դրանք փաստորեն փորձում է տարածել նաեւ ընդդիմության, Սահմանադրության փոփոխության ընդդիմախոսների վրա, այդպիսով փաստորեն ստանալով իրավիճակ, երբ ամբողջ Հայաստանը ծածկված եւ կաշկանդված կլինի ադրբեջանական թելադրանքով։ Այդպիսով, ոչ թե ընդդիմությունն ու այդ պրոցեսի մյուս ընդդիմախոսներն են արդարացնում Ադրբեջանի հաշվարկը, այլ Հայաստանի կառավարող ուժն ու նրան սպասարկող շրջանակներն են կրկնապատկում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հաշվարկը։
Իսկ կարո՞ղ է Ադրբեջանն իսկապես չցանկանալ, որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Իհարկե։ Բայց, եթե Հայաստանի իշխանությունն ինքն է խոստովանում, որ Բաքուն չունի ցանկություն եւ փնտրում է պատրվակ, ապա դա փաստացի խոստովանություն է, որ «փուչիկ» է այն խաղաղությունը, որը բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով թափահարում է Երեւանը։ Իսկ այդ պարագայում Ադրբեջանի պայմանը բավարարելու համար փոխել Հայաստանի անկախ պետականության իրավաքաղաքական հիմքը, նշանակում է շարունակել Հայաստանի հաշվին փչել «փուչիկը», ըստ էության օդով լցված քաղաքականապես դատարկ տարածության վերածելով Հայաստանի Հանրապետությունն ինքնին։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: