ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
«Այսօր Ադրբեջանում տոնում են 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը, իսկ մեզ համար այս օրը ևս մեկ առիթ է՝ վերլուծելու տեղի ունեցածը և վերագնահատելու մեր սխալներն ու դրանց հետևանքները։
2020 թվականի նոյեմբերի 9-ին մեզ պարտադրվեց հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը։ Պատերազմը կարող էր ավարտվել դեռ հոկտեմբերի 19-ին, սակայն դա տեղի ունեցավ միայն երեք շաբաթ անց՝ մարդկային և տարածքային շատ ավելի մեծ կորուստների գնով։
Որքան էլ ծանր ու ցավալի էին նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված պայմանները, այդուհանդերձ, մենք հնարավորություն էինք ստացել պահպանելու հայկական Արցախը։ Անգամ այդ ցավալի պարտությունից հետո դեռ որոշակի հնարավորություններ կային՝ պաշտպանելու մեր շահերը և կանխելու հետագա կորուստները։ Այլ կերպ ասած՝ դեռ հնարավոր էր հասնել win-win՝ փոխշահավետ հանգուցալուծման, որի դեպքում Հայաստանը կկարողանար պաշտպանել իր կենսական շահերը։
Սակայն Հայաստանի քաղաքական էլիտան՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, իր անհեռատես քայլերով հետևողականորեն մսխեց այդ հնարավորությունները։ Արդյունքում win-win-ի փոխարեն հայտնվեցինք win-lose իրավիճակում, որտեղ միակ շահողը Ադրբեջանն է, իսկ միակ կորցնողը՝ Հայաստանը։ Այս ամենը հանգեցրեց համատարած կորուստների և շարունակական զիջումների։
Ցավոք, այսօր ստիպված ենք արձանագրել, որ մեր պարտությունը չավարտվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Այն չավարտվեց նույնիսկ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի հայաթափումից հետո։ Պարտությունների ու զիջումների այդ շղթան շարունակվում է մինչ օրս»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: