Գլոբալ տաքացումը կոնկրետ սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի համար․ Ասիական զարգացման բանկ
Հարավային Կովկասի գլխավոր ջրային զարկերակի՝ Կուր գետի ավազանն ամռան ամիսներին կբախվի ջրի խիստ պակասի, իսկ ավերիչ սողանքների և սելավների վտանգը կաճի բազմապատիկ։ Այսպիսի եզրակացություններ են ներկայացված Ասիական զարգացման բանկի զեկույցում։
Մոդելավորման արդյունքների համաձայն՝ Կովկասի տարածաշրջանում արդեն իսկ նկատվում է ջերմաստիճանի աճի ընդգծված միտում։
Մինչև 2035 թվականը Կուրի ավազանում ձմեռային ջերմաստիճանը կբարձրանա միջինը 1 °C-ով, իսկ մինչև 2085 թվականը տաքացումը կկազմի 3–5 °C։ Ամռանը ջերմաստիճանի աճը նույնպես կհասնի մինչև 5 °C-ի։
Աշունն ու ձմեռը կդառնան մի փոքր ավելի խոնավ, մինչդեռ գարունն ու ամառը կլինեն խիստ չորային։ Ամառային տեղումների քանակը կնվազի 20%-ով, իսկ Կովկասի տարածաշրջանում օդի հարաբերական խոնավությունը՝ 6–8%-ով։
Փորձագետները նախազգուշացնում են Վրաստանում բնական աղետների շղթայի հավանականության մասին։ Ձնածածկույթի հալոցքն ու տեղումների ռեժիմի փոփոխությունը կմեծացնեն սելավների, սողանքների, հանկարծակի հեղեղումների և բարձրալեռնային սառցադաշտային լճերի պատնեշների ճեղքման հավանականությունը։
Կավելանա ձմռանը ձնածածկույթի վրա տեղացող անձրևների հաճախականությունը, ինչն իր հերթին կհանգեցնի լայնածավալ հեղեղումների։
Կուր գետի ամառային հոսքը մեծապես կախված է ձյան սեզոնային հալոցքից, հաղորդում է «Նովոստի Գրուզիա» լրատվամիջոցը։ Ձյան պաշարների արագ նվազումն ու հալոցքի գագաթնակետի տեղափոխումը կհանգեցնեն նրան, որ գյուղատնտեսական սեզոնի ամենաթեժ շրջանում՝ ամռան երկրորդ կեսին, գետում կարձանագրվի աննախադեպ սակավաջրություն։ Սա ուղղակի սպառնալիք կստեղծի Վրաստանի և Ադրբեջանի պարենային անվտանգության ու բնակավայրերի ջրամատակարարման համար։
Վնասը նվազագույնի հասցնելու համար փորձագետներն առաջարկում են անհապաղ արդիականացնել վաղ նախազգուշացման համակարգերը, անցնել ջրախնայող տեխնոլոգիաների, կառուցել նոր ջրամբարներ և վերակառուցել գործողները, գյուղատնտեսությունը հարմարեցնել փոփոխվող պայմաններին, ինչպես նաև իրականացնել ջրային ռեսուրսների անդրսահմանային կառավարում։