ՀՀ աշխատանքի եւ բարեկեցության նախարարության ընտանիքի սոցիալական գնահատման եւ հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար Բզնունին «Արմենպրես»-ի մամուլի սրահում Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին տարբեր ժամանակահատվածներում ցուցաբերված սոցիալական աջակցությունները թվարկելուց հետո նշեց, որ այնուհետեւ աջակցությունները գնալով ավելի թիրախավորվեցին։ Նաեւ տեղեկացրեց, որ որոշ սոցիալական աջակցության ծրագրեր ավարտվելու են այս տարվա դեկտեմբերին, իսկ որոշ աջակցությունների ժամկետները եւ գումարների չափերը կառավարությունում վերանայվում են։ Այսինքն, պետք է լինեն ավելի թիրախային ու հասցեական։ Եվ պետության այս գաղափարախոսությունը վերաբերում է ոչ միայն տեղահանված արցախցիներին։ Այն առհասարակ սոցիալական աջակցության եւ սոցիալական պաշտպանության քաղաքականությունն է։ Դա նշանակում է, որ մարդկանց պետք է տանել զբաղվածության ապահովման եւ ինքնաբավության։
Իսկ նախարարության զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը նշեց, որ Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար երկարաժամկետ ինտեգրման համար շատ կարեւորվում են զբաղվածության ապահովման պետական ծրագրերը, որոնք իրականացվում են դեռեւս 2024 թվականից։ Մասնավորապես, կառավարության կողմից հաստատվել եւ ներդրվել է կարճաժամկետ ուսուցման եւ աշխատանքային փորձի ձեռք բերման համար աջակցության պետական ծրագիրը, որը բավականին մեծ պահանջարկ է ունեցել սկզբնական շրջանում։ Դա եռաբաղադրիչ ծրագիր է, որն ի սկզբանե նախատեսված էր հազար հոգու համար։ Բայց հաշվի առնելով պահանջարկը՝ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել այն եւ առաջին տարում ընդգրկել շուրջ 1800 անձ։
Բանախոսը տեղեկացրեց, որ նախատեսվում է նոր ծրագիր, որը կմեկնարկի 2027 թվականի հունվարի 1-ից եւ թիրախավորում է նաեւ Արցախից տեղահանված այն անձանց, որոնք դիմելու պահին զբաղված չեն լինի, վերջին երեք ամսվա ընթացքում չեն ունենա զբաղվածություն եւ վերջին երեք տարվա ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ եղած չեն լինի այն գործատուի հետ, որը կներկայացնի համապատասխան թափուր աշխատատեղ եւ պատրաստ կլինի իրենց վերցնել աշխատանքի։
Տիկին Պեպանյանը նաեւ նշեց, որ ծրագիրը կոնկրետ ոլորտներ չի թիրախավորում, այլ գործելու է ըստ աշխատաշուկայի պահանջարկի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: