Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները

Ռուսաստանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի MAGA շարժման և Իսրայելի հետ կապվող սոցիալական ցանցերի օգտահաշիվները փորձել են Ֆրանսիայում ընթացող զանգվածային բողոքի ցույցերն ու անկարգություններն օգտագործել երկրի իշխանություններին վարկաբեկելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ապատեղեկատվության դեմ պայքարով զբաղվող եվրոպացի մասնագետների ուսումնասիրությանը․գրում է Meduza-ն։

Եվրամիության վերլուծության համաձայն՝ ռուսական «Մատրյոշկա» բոտային ցանցը, որը հայտնի է նաև «Operation Overload» անվամբ, արևմտյան լրատվամիջոցների անվան տակ տեսանյութեր է տարածել՝ պնդելով, թե Ֆրանսիայում ահաբեկչություններ են նախապատրաստվում, իսկ միգրանտները բռնաբարել են բողոքի ակցիաների մասնակիցներին։

Եվրոպացի մասնագետների եզրակացությամբ՝ Ռուսաստանի հետ կապվող օգտահաշիվները փորձել են Ֆրանսիայի ղեկավարությանը ներկայացնել որպես «թույլ և գնալով ավելի ավտորիտար»։

Միևնույն ժամանակ, ԵՄ փորձագետները որևէ ապացույց չեն հայտնաբերել, որ Մոսկվան կամ այլ դերակատարներ իրենց գործողություններով հրահրել կամ սաստկացրել են բողոքի ցույցերը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության գնահատմամբ՝ միայն հոկտեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում X սոցիալական ցանցում ռուսամետ օգտահաշիվների տարածած ամենաշատ դիտված տասը հրապարակումները հավաքել են 2,8 միլիոն դիտում։

Սակայն, ինչպես նշում է Reuters-ը, այս ցուցանիշն անհամեմատ փոքր է MAGA շարժման հետ կապվող օգտահաշիվների, ինչպես նաև իսրայելցի պաշտոնյաների և բլոգերների հրապարակումների դիտումների թվից։

Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ այդ օգտահաշիվները ևս անկարգությունների վերաբերյալ «թշնամական տեղեկատվություն» են տարածել՝ տեղի ունեցողը կապելով արմատական իսլամիզմի և միգրացիայի հետ։

MAGA շարժման հետ կապվող պաշտոնյաների, լրատվամիջոցների և բլոգերների՝ Ֆրանսիայում անկարգությունների մասին ամենաշատ դիտված տասը հրապարակումները երեք օրվա ընթացքում հավաքել են ավելի քան 49 միլիոն դիտում։

Իսրայելցի պաշտոնյաների, պետական կառույցների և բլոգերների նմանատիպ հրապարակումներն ընդհանուր առմամբ ունեցել են 35 միլիոն դիտում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջից Ֆրանսիայում շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը։ Սկզբում փողոց էին դուրս եկել դպրոցականներն ու ուսանողները՝ բողոքելով կրթության ոլորտում ծախսերի կրճատման և կյանքի թանկացման դեմ։ Հետագայում նրանց միացել են հասարակության այլ խմբերի ներկայացուցիչներ։ Բողոքի ակցիաները հաճախ ուղեկցվել են անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով։

Նոյեմբերի 5-ին Ֆրանսիայի խոշոր քաղաքներում կրկին զանգվածային ցույցեր էին անցկացվել՝ այս անգամ նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման պահանջով։ Երկրի ՆԳՆ-ի տվյալներով՝ դրանց մասնակցել էր շուրջ 575 հազար մարդ, մինչդեռ Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (CGT) մասնակիցների թիվը գնահատել էր 1,6 միլիոն։

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ նոյեմբերի 5-ի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 448 մարդ, վիրավորվել է 53 ոստիկան, իսկ ամբողջ երկրում արձանագրվել է հրկիզման 86 դեպք։ Անկարգությունների հետևանքով վնասվել էին նաև մի շարք ուսումնական հաստատություններ։

Հոկտեմբերի վերջին տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում էլ ձերբակալվել էր շուրջ հազար մարդ։

Ֆրանսիայի իշխանությունները բողոքի ցույցերի շուրջ տարածվող ապատեղեկատվության հարցը դիտարկում են նաև արտաքին տեղեկատվական միջամտությունների համատեքստում։ Սակայն ԵՄ մասնագետների ուսումնասիրությամբ չի հաստատվել, որ արտաքին դերակատարներն են կազմակերպել կամ սաստկացրել բուն ցույցերը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment