Փաշինյան․ Կոռուպցիոն ռիսկերը կրում են նրանք, ովքեր ունեն իշխանական լծակներ։ (PAN.am)

Կոռուպցիոն ռիսկերը կրում են նրանք, ովքեր ունեն իշխանական լծակներ, կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հինգերորդ տարեդարձին նվիրված ելույթում:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած աշխատանքների հետևանքով այսօր դատական գործընթացներում ներգրավված են նաև իշխող քաղաքական թիմի և իշխանական շրջանակների ներկայացուցիչներ։ Փաշինյանը շեշտել է, որ նման իրավիճակը բնական է համարում ոչ թե այն պատճառով, որ պաշտոնյաների կողմից կոռուպցիոն գործողությունների կատարումն ընդունելի է, այլ որովհետև օրենքի խախտման դեպքում պատասխանատվությունը պետք է տարածվի բոլորի վրա՝ անկախ քաղաքական դիրքորոշումից։

Վարչապետի խոսքով՝ հակակոռուպցիոն պայքարը չի կարող արդյունավետ լինել, եթե այն իրականացվի ընտրողական մոտեցմամբ։

«Եվ դա նորմալ է ոչ թե այն իմաստով, որ նրանք կոռուպցիոն գործունեությամբ են զբաղվել, այլ նորմալ է, որ եթե որևէ մեկը զբաղվում է կոռուպցիոն գործունեությամբ, անկախ նրանից՝ քաղաքական ուժի ներկայացուցիչ է, կառավարող, թե ընդդիմադիր շրջանակի ներկայացուցիչ, պետք է վրա հասնի պատասխանատվությունը, հակառակ դեպքում մենք չենք հասնի արդյունքի։ Այսինքն՝ եթե էլի ընտրողաբար պիտի հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանություն լինի, չի ստացվի, որովհետև կա նաև մի փաստ. կոռուպցիոն ռիսկերը կրում են նրանք, ովքեր ունեն իշխանական լծակներ»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասը 2017 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել է․ արձանագրվել է 135% աճ։ Վարչապետի դիտարկմամբ՝ սա նաև Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունք է, առանց հակակոռուպցիոն քաղաքականության կամ այս հարցերում առանց սկզբունքային քաղաքական մոտեցման հնարավոր չէ երբևէ այսպիսի ցուցանիշներ արձանագրել, և Կառավարությունը շարունակելու է սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ։

«Իհարկե, մեր առաջնահերթությունը կոռուպցիայի կանխարգելումն է, և այդ ուղղությամբ մենք ձեռնարկում ենք բավականին լայնամասշտաբ քայլեր։ Բայց միևնույն ժամանակ, իհարկե, կոռուպցիոն ռիսկերը, ցավոք, ոչ մի տեղ հնարավոր չի լինում արմատապես վերացնել, և բնականաբար, արդեն իսկ արձանագրված կոռուպցիայի դեպքերն արձանագրելն ու դրանց իրավական գնահատական տալը, մեղավորներին պատասխանատվության կանչելը, իհարկե, չափազանց կարևոր և սկզբունքային խնդիր է։ Եվ այն, որ մեր պայքարը կոռուպցիայի դեմ ավելի քան սկզբունքային է, Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության համատեքստում արտահայտվեց նրանով, որ կոմիտեն հենց ստեղծման առաջին օրվանից ունի նաև օպերատիվ ստորաբաժանում, որը հնարավորություն է տալիս, ըստ էության, Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը դարձնել ինքնաբավ»,– ասել է վարչապետը:

Նա ավելացրել է, որ այսպիսով կոմիտեն հնարավորություն ունի գերկենտրոնացած մնալ իր գործառույթների վրա և նվազագույն կախվածություն ունենալ այլ մարմիններից՝ իր աշխատանքի արդյունավետության և հետագա աշխատանքը կազմակերպելու հարցում։

Leave a comment