«Ես պալատներում չեմ լինում»․ Տիգրան Ավինյանը՝ Ձեր պալատներից, կաբինետներից տեսնու՞մ եք, որ Երևանում կյանքը քաոսի է վերածվել հարցի առիթով

«Վաղը վարչական շրջանի ղեկավարը հանդիպելու է ծնողական ժողովի հետ, քննարկում պետք է տեղի ունենա թեմայի վերաբերյալ, որ հասկանանք՝ առաջին հերթին նախ տնօրենի պրոֆեսիոնալ որակները, հետո հրապարակված տեսանյութը։ Ինչ վերաբերվում է ընտանեկան, այսպես ասած, միջադեպն ու հարցերը, հաղորդում կա տրված ոստիկանություն շորթման գործով։ Իրականում որքանով ընկալում ես այդ երևույթը, զզվելի, տգեղ բան է արված, անձնական ներքին խոհանոցի մեջ շատ փորելը թույլ տվեք չանեմ։ Թող վարչական շրջանի ղեկավարը քննարկի ծնողների հետ, ըստ այդմ՝ կհասկանանք»,- փաստմանը՝ համացանցում տարածված տեսանյութում երաժշտական դպրոցի տնօրենը ենթադրաբար թմրամիջոց է ծխում և հարցին՝ Ձեզ չի՞ անհանգստացնում այս հանգամանքը, ի վերջո՝ երեխաների հետ է աշխատում, մանավանդ, որ չի հերքել այն, ինչ տեսանյութում է երևում, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Հարցին՝ մարզերի բնակչների՝ Երևան մուտքը սահմանափակելու հարցը օրակարգու՞մ է, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Դա սխալ վերնագրերի արդյունք է։ Չկա որևէ քաղաքացու մուտքի սահմանափակման արգելք։ Կա խնդիր ավտոմեքենաների մեծ հոսքի ու հանրային տրանսպորտի կանոնավոր աշխատանքի խնդիրներ Երևանում։ Այս պայմաններում որևէ մեկ այլ լուծում չկա, քան տալ ավտոբուսներին և հանրային տրանսպորտին առաջնահերթություն՝ միաժամանակ սահմանափակելով մարդատար ավտոմեքենաների տեղաշարժը Երևանում։ Շատ կարևոր է, որ Երևանում տրանսպորտը սկսի աշխատել կանոնավոր։ Հնչեց առաջարկ՝ մայրուղիները լայնացրեք․ Երևանի փողոցները ռեզինից չեն և ավել լայնացնելու տեղ չունեն»։

Փաստմանը՝ ակնհայտ է, որ վաղօրոք քարոզարշավային տրամադրության մեջ եք և հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանից ստացե՞լ եք ազդակ, որ հենց Ձեր թեկնածությունն է առաջադրվելու Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրություններում, Տիգրան Ավինյանն այսպես պատասխանեց․ «Ես 2022-ին էլ էի այցելում բակեր, դպրոցներ մանկապարտեզներ, շփվում երեխաների, դաստիարակների հետ, հետևում շինաշխատանքներին։ Ես անում եմ իմ աշխատանքը սիրով և փորձում եմ ցույց տալ։ Հենց ժամանակը գա, կխոսեմ այդ մասին»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ձեր պալատներից, կաբինետներից տեսնու՞մ եք, որ Երևանում կյանքը քաոսի է վերածվել, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Ես պալատներում չեմ լինում»։ Հարցին՝ տրանսպորտի հարցը գոնե կարո՞ղ եք լուծել, ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց, որ վերջին տարիներին Երևանում ամբողջապես փոխվել է տրանսպորտային համակարգը, ամենանոր ավտոբուսներն ու տրոլեյբուսներն են ներմուծվել և այլն»։

Մտահոգությանը՝ մարդիկ կարմիր գծերի տարեկան վարձը վճարում են, սակայն իրենց մեքենաները չեն կարողանում կայանել․ կարմիր գծերը գնալով նվազում են, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Կարմիր գծերը գնալով նվազելու են․ փոքր կենտրոնում պետք է նվազեցնենք կայանման ծավալը, որ ընդհանուր հոսքը կարողանանք ապահովել»։

Տիգրան Ավինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment