Թեհրանը բարեկամական քայլ չի համարում Իրանի 14 քաղաքացիների «անցանկալի անձ» հայտարարելու Ադրբեջանի որոշումը և պաշտոնական բողոք է հայտնել Բաքվին։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Բաղայիի խոսքով՝ այդ անձանց «անցանկալի» հայտարարելը իմաստ չունի, քանի որ նրանցից ոչ ոք դիվանագետ չէ և չի գտնվել Ադրբեջանի տարածքում։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ նրան փոխանցվել է իրանական կողմի բողոքը։
«Հետագայում ևս կձեռնարկենք այն քայլերը, որոնք անհրաժեշտ կհամարենք, և կտեղեկացնենք այդ մասին», – եզրափակել է Բաղային։
Ավելի վաղ Ադրբեջանն արգելել էր Իրանի 14 քաղաքացիների մուտքն իր տարածք։ Ինչպես հայտնել էր ադրբեջանական կողմը, այդ անձինք լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում Ադրբեջանի դեմ հարձակումների կոչեր են արել և թշնամանք հրահրել, ինչի պատճառով էլ հայտարարվել են «անցանկալի անձինք»։
Մուտքի արգելքի տակ հայտնվածների թվում են հայտնի քաղաքական և կրոնական գործիչներ, պատգամավորներ, փորձագետներ, լրատվամիջոցների և գիտության ներկայացուցիչներ։ Մասնավորապես, ցանկում ընդգրկվել են «Քեյհան» թերթի գլխավոր խմբագիրը, Իրանի Իսլամական խորհրդակցական ժողովի անդամներ, բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես նաև քաղաքագետ և հեռուստահաղորդավար։