«Անբովանդակ բանավեճ է»․ Անահիտ Մանասյանը՝ նոր Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագիրը հանելու առիթով ընդդիմության մտահոգությունների առիթով

«Անկեղծ չեմ հասկանում՝ ՀՀ-ում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը Սահմանադրության հետ կապված»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանի հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այլ երկրի պահանջով ու ճնշումներով ՀՀ-ում սահմանադրությունը փոխելուն, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում  այսպես պատասխանեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Անահիտ Մանասյանը։

Նա վստահեցրեց՝ մեր Սահմանադրության նախաբանն ընդհանրապես հղում չի պարունակում հենց Անկախության հռչակագրին, այլ բացառապես Անկախության մասին հռչակագրում հաստատված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին․ «Երբ կարդում ես Անկախության հռչակագիրը, տեսնում ես՝ համընդհանուր գաղափարները մի քանիսն են, և նորմեր կան, որոնք այս պահին գործադրվել չեն կարող։ Բանավեճի առարկան իրոք չեմ հասկանում։ Ուզում է լինի քաղաքական մեծամասնություն, թե ընդդիմություն, Անկախության հռչակագիրը չի կարողանալու ջնջել ՀՀ պատմությունից։ Դա սիմվոլիկ փաստաթուղթ է, որը մինչև հիմա գոյություն ունի և շարունակելու է գոյություն ունենալ, բայց այն հարցը, ինչի վերաբերյալ կա բանավեճ, ես վստահեցնում եմ՝ անբովանդակ բանավեճ է զուտ այն պատճառով, թե ինչի վրա են հղումները»։

Լիանա Մանուկյան

Լիանա Մանուկյանի փաստմանը՝ ՀՀ-ում բոլոր խոշոր ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարները գտնվում են կալանքի տակ և հարցին՝ Ձեր ղեկավարած կառույցը ՀՀ-ում քաղաքական հետապնդումներ արձանագրե՞լ է, թե՝ ոչ, արդյոք այդ հարցերը բարձրացրե՞լ եք միջազգային հարթակներում, Անահիտ Մանասյանը պատասխանեց․ «Ես չեմ ուզենա այստեղ դիրքորոշում արտահայտել, թե ով, ինչի համար է ազատազրկված։ Ես ինքս նաև եկեղեցու ինքնավարության խնդիրների մասին հրապարակային եմ խոսել և շարունակում եմ դրա վերաբերյալ խոսել։ Թե′ այս թեմային է ՀՀ-ում պետք շարունակաբար անդրադառնալ, թե′ պետք է հստակ հասկանալ, թե ազատազրկման գործընթացներն ինչի համար են իրականացվում։ Իրապես ՀՀ-ում ազատազրկված անձանցից շատերի ազատազրկումը հարցեր է առաջացնում»։

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment