Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոն, ձյուդոյիստ Թեդի Ռիները հայտարարել է, որ 2027 թվականին կառաջադրվի Ֆրանսիայի նախագահի պաշտոնում։ 37-ամյա ֆրանսիացին այդ մասին հայտնել է X սոցիալական հարթակում։
«Le Parisien» թերթին տված հարցազրույցում Ռիները նշել է, որ ինքը «ո՛չ աջ է, ո՛չ էլ ձախ», և ձգտում է լինել «միավորող նախագահ»։
Ռիներն ընդգծել է, որ դեռ չի պատրաստվում գնահատել գործող նախագահ Էմանուել Մակրոնի գործունեությունը։ «Ես մեղավորներ չեմ փնտրում, ես այստեղ եմ՝ լուծումներ գտնելու համար»,- ասել է ձյուդոյիստը։
Ըստ Ռիների՝ նա մտադիր է իր նախընտրական արշավը ֆինանսավորել սեփական միջոցներով և վստահ է, որ կհավաքի առաջադրման համար անհրաժեշտ 500 ստորագրությունը։
Ռիները ոսկե մեդալներ է նվաճել 2012, 2016 և 2024 թվականների Օլիմպիական խաղերում՝ 100 կգ-ից բարձր քաշային կարգում, նաև հաղթանակ է տարել թիմային մրցումներում՝ Տոկիոյի և Փարիզի խաղերի ժամանակ։
Ֆրանսիայի նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին։