Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:
Կպահպանվեն ներկայում գործող կարգավորումները։
«Որոշել ենք որևէ փոփոխություն չանել, և այն քաղաքացիները, որոնք գործող կարգավորումներով պետք է ստանային նպաստը, կշարունակեն ստանալ»,- նշել է նախարարը։
Նախարարը պարզաբանել է, որ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով հասարակական արձագանքները, ինչպես նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների հետ քննարկումները։
Թաղման նպաստի վճարման կարգը նույնը թողնելու և նախագիծը չեղարկելու մասին որոշումը նշանակում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից 1000 դրամով չի բարձրանա կենսաթոշակը, ինչի մասին նախապես հայտարարվել էր։ Այդ մասին հայտնել են աշխատանքի և բարեկեցության նախարարությունից, տեղեկացնում է Factor.am-ը:
«Քանի որ, ի սկզբանե հանրային քննարկման ներկայացված նախագիծը ենթադրում էր, որ թաղման նպաստները պետք է առավել թիրախային դառնային՝ ընդգրկելով միայն սոցիալապես անապահովներին, ինչը ենթադրում էր, որ այն բերելու էր բյուջետային միջոցների ազատման, որը նախատեսվում էր ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։ Բայց, քանի որ թաղման նպաստի կարգի փոփոխությունները չեն կատարվում և նախագիծն ԱԺ չի ուղարկվելու, հետևաբար բյուջետային միջոցներ չեն ազատվելու և կենսաթոշակներին ուղղվող 500-1000 ավելացումները ևս չեն իրականացվելու։ Թաղման նպաստի վճարման կարգի փոփոխման նախագիծը դրվել էր հանրային քննարկման, այդ արձագանքները հաշվի առնելով՝ հանգել ենք նախագծի չեղարկման»,- մանրամասներ է ներկայացրել նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։
Առաջարկվում էր փոխել թաղման նպաստի տրամադրման կարգը՝ հունվարի 1-ից 200 հազար դրամ նպաստ վճարելով միայն անապահովության նպաստ ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անդամի մահվան դեպքում։ Դա զգալիորեն կնվազեցներ նպաստ ստացողների թիվը: