Կեղծ հաղորդագրություններ` iMessage-ով. փորձում են ձեռք բերել քաղաքացիների բանկային տվյալները
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբեր․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ կիբեռոստիկանությունը հայտնում է, որ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը։
Քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։
«Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։
Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով», – նշված է հաղորդագրության մեջ։
Կիբեռոստիկանությունից հիշեցնում են՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․
• Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։
• Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։
• Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։
• Արգելափակեք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։
• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք Ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։
Գերատեսությունից նաև հիշեցնում են, որ պետական մարմնի անունից ուղարկված հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է` կոչ անելով չվստահել կասկածելի հղումներին և չփոխանցել անձնական տվյալները։