Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոյեմբերի 5-ին գումարեց հերթական նիստը։ Հանձնաժողովը 2026թ. հոկտեմբերի 9-ին իրականացրել է «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «ՖՈՐՏՈՒՆԱ» տեսալսողական ծրագրի 2026թ. հոկտեմբերի 8-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ։ Վարչական վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հեռարձակողը «Հայտնություն» հաղորդման ընթացքում տարածել է տեղեկատվություն, որով հնդկական կրոնի և բուդդայականության հետևորդների հավատալիքները և ծեսերը բնութագրվել են ընդհանրական և նվաստացուցիչ արտահայտություններով, իսկ դրանց հետևորդներին ուղղվել է նվաստացուցիչ դիմելաձև։
Հանձնաժողովն արձանագրել է, որ «ՖՈՐՏՈՒՆԱ» տեսալսողական ծրագրի ընթացքում տարածված տեղեկատվության բովանդակությամբ, համատեքստով և մատուցման եղանակով դրսևորվել է 2026թ. սեպտեմբերի 11-ի «Տեսալսողական հաղորդումներում ազգային կամ ռասայական կամ սեռային կամ կրոնական ատելություն բորբոքող, ինչպես նաև տարիքային կամ հաշմանդամության կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն սերմանող, խրախուսող կամ արդարացնող տեղեկատվության տարածման չարաշահման արգելքների չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 110-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչների 4-րդ, 5-րդ կետերի, 6-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված հատկանիշների առկայությունը, ուստի դրա տարածմամբ խախտվել է օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված արգելքը։
ՀՌՀ-ն որոշեց «ՖՈՐՏՈՒՆԱ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել օրենքի 57-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված վարչական տույժը` տուգանելով 400.000 ՀՀ դրամով։
«Առավոտ» օրաթերթ
07..11.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: