Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հերքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապայմանների մասին տեղեկությունները։
«Ինձ նման սցենարի մասին հայտնի չէ։ Այս հանդիպման համար ոչ մի նախապայման, որքանով ինձ հայտնի է, չի հնչել»,-ասել է նա, գրում է Sputnik Արմենիան:
Այսպես է Ռուսաստանի դեսպանն արձագանքել լրագրողի այն հարցին, թե հանդիպումը կարող է կայանալ, եթե Երևանը ընտրություն կատարի հօգուտ «Ռոսատոմի» կողմից ՀՀ–ում նոր ԱԷԿ-ի կառուցման, կամ դրական տեղաշարժ լինի Հայկական երկաթուղիների կառավարման հարցում ռուսական կոնցեսիան շարունակելու ուղղությամբ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեքում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո հայտնել էր, որ ՀՀ վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցեր քննարկելու։ Հոկտեմբերի սկզբին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվա Փաշինյանի այցի ստույգ ամսաթիվը դեռևս որոշված չէ։