General Motors-ը արտոնագրել է մի համակարգ, որը հետևում է առջևում գտնվող ճանապարհին, կանխատեսում է անիվների կպչունության կորստի պահը և նախապես կարգավորում կախոցքը, անիվների տեղադրման անկյունը և ղեկային կառավարումը։
ԱՄՆ-ի 12 780 181 B1 արտոնագիրը հրապարակվել է նոյեմբերի 3-ին։ Այն նկարագրում է մի տեխնոլոգիա, որը նախատեսված է GM-ի կողմից «ձգողականության շեղում» (traction pull) կոչվող երևույթի դեմ պայքարելու համար։ Դա տեղի է ունենում, երբ ձախ և աջ անիվների կպչունությունը ճանապարհածածկին տարբեր է, ինչի հետևանքով մեքենան սկսում է շեղվել կամ պտտվել դեպի որևէ կողմ, հատկապես արագացման կամ արգելակման ժամանակ։ Ինժեներներն առաջարկում են կանխատեսել նման իրավիճակները և չեզոքացնել դրանց ազդեցությունը դեռևս մինչև առաջանալը։
Արտոնագրում ներկայացված սխեմայում պատկերված է սեդան՝ համալրված մի շարք տվիչներով և կապի համակարգերով։ Գործնականում մեքենան առջևի տեսախցիկի միջոցով որոշում է ճանապարհի կառուցվածքը, համադրում այն քարտեզի հետ և գնահատում, թե ինչպես ճանապարհածածկը կարող է ազդել մեքենայի կայունության վրա։ Իներցիոն չափման բլոկը և ղեկային ձգաձողի վրա տեղադրված ուժի տվիչը ստուգում են կանխատեսման ճշգրտությունը։ Եթե համակարգը եզրակացնում է, որ մեքենան կարող է կորցնել կայունությունը, այն սկսում է համապատասխան ճշգրտումները՝ մինչև մեքենայի շեղումը։
Սովորական ղեկային կառավարման և արգելակման փոխարեն GM-ն առաջարկում է փոխել մեքենայի քաշի բաշխումը։ Թափքի ձախ կողմը բարձրացնելով՝ հնարավոր է ծանրաբեռնվածությունը տեղափոխել աջ անիվների վրա, իսկ առջևի կախոցքը բարձրացնելով՝ այն տեղափոխել դեպի հետևի առանցք։ Կախված ճանապարհային պայմաններից՝ համակարգը կարգավորում է յուրաքանչյուր անիվն առանձին՝ առկա կպչունությունն առավել արդյունավետ օգտագործելու համար։
Անիվների տեղադրման անկյունը (կամբեր) համակարգի ամենաանսովոր բաղադրիչն է։ Դա այն անկյունն է, որով անվադողերը թեքված են՝ մեքենային առջևից կամ հետևից նայելիս։ Շարժման ընթացքում կամբերի անկյունը փոխելու հնարավորություն ներկայումս չունի ոչ մի սերիական ավտոմեքենա։ Եթե հնարավոր լինի ներդնել նման տեխնոլոգիա, մեքենան կկարողանա առավելագույն կպչունություն ապահովել ինչպես շրջադարձերում, այնպես էլ ուղիղ ճանապարհին։ Սպորտային մեքենաների համար դա կապահովի ավելի լավ կպչունություն շրջադարձերում, իսկ սովորական ավտոմեքենաների դեպքում կերկարացնի անվադողերի ծառայության ժամկետը՝ կանխելով դրանց անհավասար մաշվածությունը՝ անիվների սխալ անկյան պատճառով։
GM-ը չի նշում, թե կոնկրետ որ մոդելում կարող է կիրառվել այս տեխնոլոգիան կամ երբ է նախատեսվում դրա արտադրությունը։ Այն կարող է այդպես էլ մնալ արտոնագրային փաստաթղթերում կամ դառնալ կայունության կառավարման համակարգերի զարգացման հաջորդ փուլը։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։