Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ հայկական երկաթուղիների կառավարման կոնցեսիոն համաձայնագիրը Հայաստանի համար նախատեսում է բացառապես շահավետ պայմաններ։ Այդ մասին նա ասել է Հանրային ռադիոյին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ իր վրա տպավորություն է թողել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարի ներկայացրած կոնցեսիայի աշխատանքի վերլուծությունը, այդ թվում՝ դրա արդյունավետության ցուցանիշները տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող այլ երկրների երկաթուղիների համեմատ, գրում է Sputnik Արմենիան:
«Բուն կոնցեսիոն պայմանագիրը կազմված է հայկական կողմի համար բացառապես բարենպաստ, հնարավոր է՝ նույնիսկ աննախադեպ բարենպաստ պայմաններով: Եվ կոնցեսիայի արդյունավետության աստիճանը՝ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս այլ երկրների երկաթուղիների հետ համեմատ, իրոք տպավորիչ էր ինձ համար»,- հայտարարել է Կոպիրկինը։
Խոսելով երկաթուղային ոլորտում հայ-ռուսական համագործակցության շարունակության մասին՝ դեսպանը տեղեկացրել է, որ կոնցեսիոն կառավարման հետ կապված հարցերն ուսումնասիրելու և քննարկելու նպատակով արդեն ձևավորվել է հատուկ աշխատանքային խումբ։
Նախատեսվում է, որ խումբը երեք ամսվա ընթացքում կանդրադառնա հայկական կողմին հետաքրքրող հարցերին և կփորձի գտնել դրանց համապատասխան պատասխաններն ու լուծումները։ Այդ աշխատանքում հաշվի են առնվելու տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես՝ տրանսպորտային հաղորդակցությունների և լոգիստիկ ենթակառուցվածքների ոլորտներում արձանագրվող փոփոխությունները։
«Առարկայական աշխատանք է ընթանում»,-ընդգծել է դիվանագետը։
Հոկտեմբերի 14-ին «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավար Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ։ Դրա հիմնական նպատակն է սահմանված կարճ ժամանակահատվածում ուսումնասիրել բարձրացված խնդիրները, քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները և հստակեցնել հետագա համագործակցության շրջանակում իրականացվելիք քայլերը։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կառավարումը 2008 թվականի փետրվարին կոնցեսիոն հիմունքներով փոխանցվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը։ Համաձայնագիրը կնքվել է 30 տարի ժամկետով՝ նախատեսելով այն ևս 10 տարով երկարաձգելու հնարավորություն։