Դատական հաջորդ նիստը կանցկացվի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին։
Նոյեմբերի 3-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունն ու փոփոխել՝ մեղմացնելով վարչական հսկողության պայմանները։
Պաշտպանական կողմն ընդգծել է, որ առաջնորդարան մուտք գործելու ամբողջական արգելքը սահմանափակում է թեմի առաջնորդի հոգևոր գործունեությունը։
«Հաշվի առնելով, որ մեղադրանքի կողմի ապացույցները, մասնավորապես, գրավոր ապացույցները հետազոտվել են, տուժողները հարցաքննվել են, գործում մեղադրանքի կողմից ներկայացված, հարցաքննման ենթակա վկաներ չկան, դատարանը գտավ, որ սույն դեպքում հիմք չկա միջնորդությունը հետաձգելու»,- նշել է դատավորը։
Միաժամանակ, պահպանվում է քրեական վարույթով մասնավոր մասնակիցների հետ հաղորդակցության արգելքը։ Պահպանվում են նաև Արագածոտնի մարզում գտնվող Հայ առաքելական եկեղեցու եկեղեցիներ և թեմի վարչական խորհրդի նստավայր այցելելու արգելքները։
Դատարանը նաև թույլ է տվել Վաղարշապատի պրոբացիայի ծառայությունում ամենաշաբաթյա գրանցումների պարտավորությունը դարձնել ամիսը մեկ անգամ հաճախականությամբ։
Դատական հաջորդ նիստը կանցկացվի դեկտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին։
Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։