Եվրոպական կենտրոնական բանկը դիտարկում է տվյալների կենտրոնների հետ կապված վարկավորման ստուգումներ անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ ԵԿԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաները նման առաջարկ են ներկայացրել ներքին քննարկումների շրջանակում և այժմ այն քննարկում են վերահսկողության ներքո գործող բանկերի հետ։
Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ կարող են կազմակերպվել տեղում ստուգումներ, որոնք կվերաբերեն ապագա դրամական հոսքերի հաշվառմանը, գրավի գնահատմանը և պարտավորությունների չկատարման (դեֆոլտի) դեպքում կիրառվող միջոցառումներին։
Մեկ այլ աղբյուր ընդգծել է, որ անկախ ստուգումների անցկացման ձևաչափից՝ դրանք չեն ունենա այնպիսի լայնածավալ բնույթ, ինչպիսին մի քանի տարի առաջ բարձր ռիսկայնությամբ վարկերի աուդիտն էր, որը սրել էր կարգավորող մարմնի հարաբերությունները բանկերի հետ։ Նրա խոսքով՝ տվյալների կենտրոնների և արհեստական բանականության հետ կապված ընդհանուր ռիսկերի գնահատման հստակ մոտեցումը դեռևս չի որոշվել։
ԵԿԲ-ն գործակալությանը հրաժարվել է մեկնաբանություններ տրամադրել։
Կարգավորող մարմնի նախագահ Քրիստին Լագարդը եվրոպացի օրենսդիրներին ուղղված հրապարակված նամակում նշել է, որ իր ղեկավարած կառույցը ուշադիր հետևում է արհեստական բանականության ենթակառուցվածքների կառուցման ֆինանսավորմանը և այն հարցին, թե ինչպես կարող է այն անդրադառնալ ֆինանսական կայունության վրա։ Ստուգումների հնարավորության մասին նա չի հիշատակել։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։