Ալեքսանդր Պանկին. Հայաստանը փորձում է իր որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա

Երևանը կրկին փորձում է իր կողմից ընդունվող որոշումների պատասխանատվությունը բարդել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների վրա։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ չնայած ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցնելու և անդամավճարները չվճարելու՝ Հայաստանի որոշմանը, ՀՀ-ն դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամը։

«Մենք Երևանին մեր համագործակցությունից դուրս չենք թողնում՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից փոխադարձ քայլեր չենք տեսնում, — ընդգծել է Պանկինը։ — Ավելի շուտ՝ հակառակը. կրկին ակնհայտ են ընդունվող որոշումների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու փորձերը»։

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալը հիշեցրել է, որ «ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ անդամ պետությունը կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև կուտակված անդամավճարային պարտքի ամբողջական մարումը»։

Մեկնաբանելով նոյեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովի ակնկալիքները՝ Պանկինը նշել է, թե Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստը «ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության գագաթնակետը կդառնա»։

«Մեր պետությունների ղեկավարների հաստատմանը նախատեսվում է ներկայացնել փաստաթղթերի ծավալուն փաթեթ, որն ուղղված է տարածաշրջանային կայունության պահպանման առանցքային մեխանիզմներից մեկի՝ միավորման ներուժի հետագա համակողմանի ամրապնդմանը», — մանրամասնել է Պանկինը։

Բացի այդ, նրա խոսքով՝ նիստի մասնակիցները նախատեսում են նաև «համադրել դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ, որոշել ՀԱՊԿ-ի շրջանակում դաշնակցային համագործակցության հետագա զարգացման հիմնական ուղղությունները»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment