Հրատարակվել են Առնո Բաբաջանյանի կամերային-անսամբլային ստեղծագործությունները

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական ժառանգությունը համալրվել է նոր հրատարակությամբ։ «ԴԻԱԼՈԳ» կազմակերպությունը և Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամը հրատարակել են կոմպոզիտորի երկերի ժողովածուի երրորդ հատորը՝ երկու գրքից։

Հատորում ընդգրկված են դաշնամուրի նվագակցությամբ մենակատար գործիքների համար գրված ստեղծագործությունները։ Դրանց շարքում առանձնանում են Ջութակի և դաշնամուրի սոնատը, ինչպես նաև Ջութակի, թավջութակի և դաշնամուրի տրիոն, որոնք կոմպոզիտորի առավել հայտնի և նշանակալի կամերային ստեղծագործություններից են։

Հրատարակության մեջ ներկայացված են ջութակի և դաշնամուրի համար գրված ինչպես ավարտուն, այնպես էլ սևագրային վիճակում մնացած ստեղծագործություններ, ինչպես նաև թավջութակի և դաշնամուրի, շեփորի և դաշնամուրի համար գրված պիեսներ։ Որոշ գործեր լույս են տեսնում առաջին անգամ։ Կատարողների հարմարավետությունն ապահովելու նպատակով ստեղծագործությունների դաշնամուրային նվագամասերն ու գործիքային պարտիաները հրատարակվել են առանձին գրքերով։

Հատորի խմբագիրն է արվեստագետ Արտեմ Անդրեասյանը։ Գրախոսներն են Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Ռոմանովնա Գրիգորյանը և Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դոցենտ Հայկ Գազազյանը։

Նոր հատորը ոչ միայն ներկայացնում է Առնո Բաբաջանյանի կամերային-անսամբլային ստեղծագործությունները՝ որպես նրա ստեղծագործական ժառանգության կարևոր մաս, այլև հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմելու կոմպոզիտորի երաժշտության ոճական էվոլյուցիայի մասին։ Հրատարակության հեղինակների գնահատմամբ՝ այն կարևոր գործնական նշանակություն ունի ինչպես համերգային գործունեություն ծավալող երաժիշտների, այնպես էլ երաժշտական ուսումնական հաստատությունների մանկավարժների և սովորողների համար։

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment