Հայաստանում նոյեմբերի 1-ից անձնագրային գրասենյակներ՝ այսպես կոչված պասպորտ սեղաններ այլևս չկան։ Կապույտ անձնագիրը դեռ կա, իմն, օրինակ, ուժի մեջ է՝ կարող է պատմել իմ մասին։ Բայց այն վերջին մոհիկանն է․ այսպիսի անձնագիր մենք էլ չենք ունենա։
Այս ամսվա-շաբաթվա սկզբին Հայաստանը սկսեց կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու գործընթացը։ Փաստաթուղթն այս տեսքն ունի․ սա է տալիս «ո՞վ եմ ես, որ մտնեմ ձեր երկիր» հարցի պաշտոնական պատասխանն այնտեղ, ուր իմ խոսքը չեն հասկանում, իմ անունով ու պատմությամբ առանձնապես չեն հետաքրքրվում։
Ի՞նչ է փոխվելու քաղաքացու կյանքում անձնագիրը փոխելուց հետո, ի՞նչ գործողություններ պետք է անել նոր անձնագիրն ունենալու համար։ Այս շաբաթ թերթելու ենք ՀՀ նոր անձնագրի շերտերը։
***
Կարելի էր պարզապես թվարկել այն գործողությունները, որոնք անելով կունենաք նոր անձնագիր։ Բայց ձեզ այդ մասին պատմելուց առաջ ես ինքս պետք է փորձեի՝ ինչպես է աշխատում համակարգը։ Ուրեմն ինչու դա չանենք իրար հետ։ Եկեք միասին անցնենք նոր անձնագիր ստանալու ճանապարհը։ Առաջին հերթին պետք է մտնել haypass.am կայք՝ կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համար գրանցվելու հարթակ։
Նոր անձնագիր ունենալու համար առցանց նախագրանցվելիս ձեզ բջջային նույնականացման քարտ է պետք։ Ես այն ձեռք եմ բերել մոտենալով իմ բջջային օպերատորի գրասենյակ։ Եթե հեռախոսահամարը ձեր անունով է՝ էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելը կտևի 5 րոպե, եթե այլ մարդու անունով է, ապա անվանափոխությունը ներառյալ՝ 10 րոպե։ Երկու գործողություններն անելու համար վճարել եմ 1000 դրամ։
Նոր կենսաչափական անձնագիր կարող է ստանալ ՀՀ այն քաղաքացին, ով արդեն ունի նույնականացման քարտ, կամ պետք է դիմի միաժամանակ երկուսը ստանալու համար։ Բիոմետրիկ նույնականացման քարտն արժե 5950, անձնագիրը՝ 28 650 դրամ։ Ինչպե՞ս է սահմանվել այս գինը։
«Մենք հիմքում դրել ենք մասնավոր գործընկերոջ կողմից բաց և թափանցիկ մրցույթով առաջարկած գինը, այսինքն՝ պետությունը 0 լումա շահույթ ունի այս ամբողջ պրոցեսում և նաև նկատի ունենանք, որ երկրորդ փուլով, երբ ունեցել ենք երկու ընկերություններ, ճիշտ է մենք գնահատել ենք որակական ասպեկտն առաջնահերթորեն ,հետո անցել ենք գնային քաղաքականությանը, բայց այդ պայմաններում նաև գնային քաղաքականությունն ավելի ցածր առաջարկել է հենց այս պահին հաղթող ընկերությունը»,- ասում է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Այսպիսով սա տպագրության այն գինն է, որը առաջարկել է մեր անձնագրերը ստեղծող մասնավոր ընկերությունը՝ ֆրանսիական IDEMIA-ի հիմնադրած «ՀայՓաս»-ը։ Մեր նոր անձնագրերն առաջին անգամ սահմանը հատում են առանց մեզ՝ դրանք տպագրվում են Նիդեռլանդներում ու ուղարկվում Հայաստան։
***
Նոր են կենսաչափական ա՛յս անձնագրերը։ Բայց Հայաստանը անձնագրում թվային տվյալներ ունենալու մի փորձ արդեն արել էր։ Հակիրճ անդրադարձ՝ կենսաբանական անձնագրերի պատմական շերտին։
2008-ին Կառավարությունը հայտարարեց, որ 2010-ից ՀՀ քաղաքացիներին կտրամադրվեն կենսաչափական անձնագրեր։ Բայց ժամկետը խախտվեց ու այդ թվականին հնարավոր եղավ միայն միջազգային մրցույթ հայտարարել։ 2011-ին մրցույթում հաղթեց լեհական ընկերությունը և հաջորդ տարի արդեն քաղաքացիներին սկսեցին կենսաչափական անձնագրեր տալ։ 4 տարում՝ 2016-ին, սպառվեց պայմանագրով նախատեսված շուրջ 300 հազար անձնագիրը և 17-ին արդեն պետությունը հրաժարվեց երկարացնել լեհական ընկերության հետ պայմանագրի ժամկետը։ Այդ պահից սկսած ամեն տարի կառավարություններն ասում էին, որ շուտով կհայտարարվի մրցույթ, շուտով կընտրվի վստահելի գործընկեր, շուտով Հայաստանում նոր կենսաչափական անձնագրեր կլինեն։ «Շուտով»-ը տևեց 9 տարի։
Նախ սահմանվեց գին․ անձնագրի համար՝ 25 000, նույնականացման քարտի համար՝ 3000 դրամ։ Այդ գինը մեծ աղմուկ չբարձրացրեց մինչև 2014-ը․ մինչ այդ մարդիկ կարող էին ընտրել՝ ուզո՞ւմ են այդքան վճարել, թե կունենան էժան, բայց հին՝ ոչ կենսաչափական անձնագրեր։ 14-ից երկու տարի շարունակ այս ընտրությունը մարդկանց չտրվեց, իսկ այ 2016-ին Սահմանադրական դատարանի որոշման և դրան հաջորդած օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերականգնվեց նաև հին նմուշի անձնագիր ստանալու հնարավորությունը։
Հիմա ևս քաղաքացիները, եթե ուզում են երկրից դուրս գալ, կենսաչափական անձնագրից ու նախատեսված վճարից հրաժարվելու տարբերակ չունեն։ Գուցե լինեն աջակցության ծրագրեր։
«Այս պահի դրությամբ մենք ներքին քննարկումներ ունենք կառավարությունում, թե հատկապես որ սոցիալական խմբերի համար ինչպիսի փաթեթ ենք առաջարկելու, հիմա իհարկե ձեռնպահ կմնամ կոնկրետ որևէ լուծում նախանշելուց, բայց հունվար-փետրվար ամիսների կտրվածքով արդեն կհանրայնացնենք մեր որոշումը։ Մասնավորապես սոցիալական անապահովության համակարգում ընդգրկված անձանց մասով մենք այդ զգայնությունը կունենանք, բայց պիտի նկատի ունենանք, որ նույնականացման քարտը և բիոմետրի անձնագիրը անվճար լինել չի կարող, և եթե նույնիսկ մենք հայտարարենք այն սոցիալական փաթեթները, որ կտա պետությունը տարբեր խմբերի գինը վճարելու է պետությունը, որովհետև անվճար այս որակի փաստաթղթեր տրամադրել չենք կարող»,- ասում է Արփինե Սարգսյանը։
***
Ավանդույթի ուժով ես անձնագրի հետ կապված հարցերով անձնագրային գրասենյակ պիտի գայի։ Բայց նոր անձնագրի մուտքը փոխում է նաև հին սովորությունները։ Անձնագրային գրասենյակները էլ չեն գործում։
Հագուստի խանութների, սննդի կետերի կողքով անցնելով հասնում ենք այն սենյակ, ուր մեզ կանչում են՝ մեր ամենակարևոր փաստաթուղթը ստանալու։ Հայաստանում գործում է 14 գրասենյակ, երկուսը՝ մայրաքաղաքի առևտրային կետերում՝ մարդկանց հնարավորինս մոտ։
«Առաջին անգամ է, որ մենք անձնագրային ծառայություն ենք մատուցելու շաբաթ և կիրակի օրերին, ոչ թե 9-5-ն ընկած ժամանակահատվածում, այլ 9-10-ը ընկած ժամանակահատվածում։ Սրանք էական պայմաններ են, որոնք ավելացնում են ոչ միայն թողունակությունը, այլև քաղաքացիների համար ծառայություններից օգտվելու հարմարությունն են ավելացնում»,- ասում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը։
Այսպես 14 աշխատանքային օրից ես նոր անձնագիր կունենամ։ Բայց ինչի՞ համար էր այս ամենը։ Անվտանգությունն ու ըստ ՆԳՆ-ի՝ կեղծելու գրեթե զրոյական հնարավորությունը նոր անձնագրի հնարավորության միայն մեկ շերտն է։
Առաջին խորհրդանշական-իսկական անձնագիրը Նիկոլ Փաշինյանը ստացավ։ Նա էլ սկսում է անձնագրի առավելությունների թվարկումը։
«Կենսաչափական անձնագրերի համակարգը առաջին հերթին պետք է ավելի հարմարավետ դարձնի ՀՀ քաղաքացիների կյանքը։ Իհարկե ամենաակնհայտ դեպքը ճանապարհորդելիս առանց սահմանային բարդ ստուգումների անցումն է առաջին հերթին ՀՀ սահմանային անցման կետերով ու մենք առաջիկայում Զվարթնոց օդանավակայանից սկսած մեր բոլոր անցման կետերում կունենքան ի-գեյթ համակարգը, որտեղ քաղաքացիները ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանում՝ իհարկե այն դեպքերում, երբ կունենան կենսաչափական անձնագրեր»։
Առավելության մեկ այլ շերտ․ սա ևս մեկ քայլ է վիզաների ազատականացման ճանապարհին։
«Կենսաչափական համակարգը և փաստաթղթերի անվտանգությունը առաջնահերթ նախապայման են, անքննարկելի նախապայման են Եվրոպական միության համար, որովհետև հստակ է՝ անձը պետք է նույնականանալի լինի, որ առանց վիզայի մուտքը հնարավոր լինի ապահովել այլ պետության տարածք, ընդ որում ոչ թե մեկ պետության, այլ շենգենյան գոտու բոլոր պետությունների։ Սա է այն արժանապատիվ դիրքը, որտեղից կարելի է բանակցել ազատ վիզային ռեժիմ։ Այսինքն այո, վիզաների ազատականացումը ենթադրում է 74 առանձին գործողություն, որոնք առանց վերապահումների պետք է կատարված լինել և կարող է թվալ, որ անվտանգ փաստաթղթերին կամ կենսաչափական համակարգին վերաբերող գործողությունները մեկն են կամ երկուսն են և 74-ից կատարվել է ընդամենը 2 գործողություն։ Բայց նշանակության իմաստով, պահանջվող ռեսուրսի իմաստով սա ամենաաշխատատարն է եղել, ամենաբազմաշերտը, ամենադժվարը»,- ասում է Նելլի Դավթյանը։
Այսպիսով ներկայացվող առավելություններ առաջին շերտ՝ միայն ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ երևացող-ճախրող խաղաղության աղավնին, զինանշանը, եռագույն մանրաթելերն ու այլ դետալներ գրեթե բացառում են անձնագիրը կեղծելու հավանականությունը։ Երկրորդ շերտ՝ այս անձնագրի արժանահավատության շնորհիվ հնարավոր է խուսափել սահմանային հերթերից, երրորդ շերտ՝ սա ավելի հավանական է դարձնում սահմանը հատելու առիթների ավելացումը, քանի որ կնպաստի վիզաների ազատականացման գործընթացին։
***
Հայկական ինքնության ու պետականության խորհրդանիշների ամբողջական հավաքածու․ այսպես են ներկայացրել նոր անձնագրերը վարչապետն ու ՆԳ նախարարը։ Այստեղ Հայաստանի քարտեզն է, Մաշտոցյան այբուբենը, առաջին հայատառ նախադասությունը, Հայաստանի համար կարևոր պետական ու մշակութային վայրեր։
Թե ինչ կա անձնագրի 42 էջերում՝ ներկայացվեց ամենայն մանրամասնությամբ։ Բայց ավելի շատ քննարկվեց այն, ինչ չկա։ Մասնավորապես Արարատ լեռը՝ Խոր վիրապի վանքի համայնապատկերում։
«Իհարկե նկատում են մեր քաղաքացիները, որ մեքն այնպիսի ռակուրս ենք ընտրել, որ կադրում արտացոլված լինի, մանավանդ Հայաստանի Հանրապետության անձնագիրն է, արտացոլված լինի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Սրա մասին շատ քննարկումներ են եղել, շատ են խոսել, ենթադրում եմ՝ էլի կլինի, բայց մեր ընկալումն ու դիրքորոշումն այսպիսին է»,- բացատրել էր Նիկոլ Փաշինյանը։
Հաղորդման վերջին շերտով՝ մի քանի կարևոր հարցի պատասխան․ անձնագիրը պատրաստ է լինում 14 օրում։ Ի՞նչ կլինի, եթե ուզենք ավելի արագ արդյունք․ ստիպված կլինենք վճարել ավելի շատ։ Ինչքա՞ն՝ դեռ հայտնի չէ, բայց կարող ենք իմանալ՝ առավելագույնը ինչքան։ Այսպես Հայփասս-ը կարող է սահմանել անձնագրի գնից առավելագույնը 3 անգամ ավելի բարձր արժեք։ Այսինքն արագ անձնագիր ունենալու համար կսահմանվի ամենաշատը 85 950, արագ նույնականացման քարտ ունենալու համար՝ առավելագույնը 17 850 դրամ։ Առաջինը տրամադրվում է 10, երկրորդը՝ 5 տարի ժամկետով։
Այս անձնագրում կլինի մեր մատնահետքը, լուսանկարը, ստորագրությունը, երկլեզու տվյալներ, չի լինի հայրանունն ու քաղաքը, ուր ծնվել եք։ Հին անձնագրերը կգործեն մինչև ժամկետի ավարտը, հետո Հայաստանում չի մնա կապույտ անձնագիր ունեցող մարդ։
Արուսյակ Կապուկչյան