Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը «Առավոտ»-ի հետ զրույցում հակադարձում է Հայաստանի իշխանությունների այն թեզերին, որ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ, քանի որ հայերն էլ Արցախ վերադարձի այլ իրավունքների մասին են խոսում։
Նիկոլ Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել էր․ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք Արցախ ասել, առավոտյան արթնանալ ու ասել՝ Արցախ, կեսօրին՝ Արցախ, իրիկունը՝ Արցախ։ Լավ, բայց իրենք էլ առավոտյան ասելու են՝ «Բասարգեչար», ցերեկը՝ «Բասարգեչար», երեկոյան՝ «Բասարգեչար»։ Կարող ենք ինչքան ուզում ենք, ասել՝ Արցախի Հանրապետություն, բայց իրենք ասելու են՝ «Արևմտյան Ադրբեջան»»։
«Մենք պետք է իրականությանը ճիշտ նայենք ու հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Բանն այն է, որ ադրբեջանական պետականության ստեղծման հիմքում դրված է հայատյացությունը։ Դա է շատ դեպքերում միավորում ադրբեջանական բազմազգ և տարբեր կլանային համակարգերը։ Այսպես կոչված իրենց ազգայնական շարժումը նույնպես որպես անկյունաքար էր դիտարկում հայկական պետականության վերացումը, նույնը Ալիևի կլանն է, նույնը նրանց նախորդն էր։ Մենք պետք է դիտարկենք, թե այս 30 տարիների ընթացքում Ադրբեջանում ինչ գրքեր են լույս տեսել, ոչ մի լումա չեն խնայել, որպեսզի հայկական հողերի վերաբերյալ այդ սուտ թեզերը տարածեն, թե իբր դա «Արևմտյան Ադրբեջան» է։ Դա նոր չէ, տարիներ շարունակ մի ամբողջ սերունդ է Ադրբեջանում զոմբիացվում։ Եթե մեկը մտածում է, որ Արցախի անունը չտանք, ադրբեջանահայության վերադարձի ու փոխհատուցման հարցերի, մեր արդար դատի վերաբերյալ հարցերը չբարձրացնենք, ապա Ադրբեջանը կփոխի իր նպատակը, սխալվում է։ Մեզ մոտ այս հարցը խորը չեն ուսումնասիրել, իսկ Ադրբեջանում այս հարցն ինստիտուցիոնալ հենքի վրա է դրված՝ այսինքն՝ արծարծենք մենք, թե ոչ, Ադրբեջանի վերջնանպատակը ոչ թե միայն Արցախը կլանելն է, այլ հայկական պետականության իսպառ ոչնչացումը՝ մինչև Երևան։ Այդ գրքերը նոր չեն լույս տեսել, դեռ Հեյդար Ալիևի օրոք են լույս տեսել, տարիներ շարունակ նրանք այդ արյունոտ ռևանշը, հայատյացությունը պատրաստում էին և զարգացնում։ Նույն քաղաքականությունը Թուրքիայում էր»,- ասաց Գրիգորի Այվազյանը։
Նրա խոսքով՝ ճիշտ կլինի ներկայիս Ադրբեջանն անվանել Արևելյան Հայաստան, որովհետև կառուցված է հայկական հողերի վրա։ «Պարզ է, որ նրանք հանգիստ չեն կարող քնել, մինչև այդ հողերի իրական տերերին ֆիզիկապես չոչնչացնեն։ Թուրքիայի և Ադրբեջանի համար անհանդուրժելի է, որ անգամ հայկական երբեմնի պետականության 7 տոկոսի վրա գոյատևի Հայաստանի Հանրապետությունը»,- հավելեց Այվազյանը։
Նա խոսքով՝ եթե հայկական կողմը տարբեր հարթակներում խոսի արցախցիների օրինական իրավունքների ու վերադարձի հարցի մասին, նշի, որ Ադրբեջանը հայկական հողերի վրա է կառուցված, դրանով մեզ պաշտպանում ենք։
«Ադրբեջանում հայերի ցեղասպանության, Արցախում հայերի ցեղասպանության մասին խոսելիս ոչ թե որպես պատասխանող, այլ նախաձեռնող պետք է լինենք։ Ադրբեջանն իր ստահոդ քաղաքականությունը ոչ նոր է սկսել, ոչ էլ պատրաստվում է ավարտել, իրենց մոտ Հայաստանի վերաբերյալ ոչ մի խաղաղության տեսլական գոյություն չունի։ Ալիևը նորից հայտարարեց օրերս, թե հայ ժողովուրդը պետք է «պատասխան տա»։ Իսկ խեղկատակ Հաջիևը հիմա էլ ասում է՝ «հայ ժողովուրդը պետք է ներողություն խնդրի»։ Իսկ ադրբեջանցի թուրք նացիստները ոչ թե պետք է ներողություն խնդրեն հայերից, այլ պետք է իրենց փասա-փուսեն հավաքեն, Կասպից ծովը հատեն ու վերադառնան իրենց նախնյաց հայրենիք։ Մեր ու նրանց պետականության խաղաղ գոյակցությունը մեր պատմական հողերում ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է։ Այնպես որ, դա ոչ թե նրանց ցավոտ արձագանքն է մեր կողմից ճշմարտության արծարծմանը, այլ իրենց քաղաքականությունն է, որը կապված չէ նրա հետ՝ մենք կբարձրացնենք մեր արդար դատի հարցերը, թե ոչ։ Այս պարագայում, եթե մենք չպատասխանենք, հազար անգամ կրկնված սուտը կարող է ոչ մասնագիտական հանրույթի շրջանում ճշմարտության տեղը զբաղեցնել։ Այնպես որ, մենք պարտավոր ենք ոչ միայն պատասխանել Ադրբեջանի իշխանության մեղադրանքներին, այլ նաև նախաձեռնողականությունը պետք է մեր ձեռքը վերցնենք։ Դրանով մենք կարողանանք որոշ չափով երաշխավորել մեր պետության անվտանգությունը կամ էլ հնարավոր պատերազմի բռնկման պայմաններում մեզ համար ավելի դրական միջազգային մթնոլորտ ստեղծել»,- նշեց Գրիգորի Այվազյանը։
Նա հիշեցնում է, որ մինչ այսօր Ադրբեջանն օկուպացված է պահում ՀՀ տարածքները, չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունն անգամ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որն իրականում ընդամենը ԱՊՀ ստեղծման մասին է ու ԽՍՀՄ փլուզման արձանագրումն է։ Ադրբեջանի Սահմանադրությունում հավակնություններ կան ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքների մեծամասնության նկատմամբ։
«Այսինքն՝ մենք գործ ունենք անհաշտ ու անկուշտ գիշատիչների հետ՝ ի դեմս ադրբեջանական նացիզմի։ Եթե հայատյացությունը հանենք, Ադրբեջան պետությունից ոչինչ չի մնա, գաղափարական փլուզում կլինի։ Միմիայն այդ ատելությունն է Ադրբեջանի իշխող ռեժիմին պահում իշխանության։ Մենք ադրբեջանցի թուրքերի հետ չունենք դարավոր պատմություն, կողք-կողքի չենք ապրել խաղաղության պայմաններում։ Նրանք եկվոր են մեր հողերի վրա և մարդասպան են, որոնք ոչնչացրել ու ոչնչացնում են և մեր պատմամշակութային ժառանգությունը, և հայերին սպանում են։ Ադրբեջանի և Թուրքիայի համար լեգիտիմ պատճառ պետք չէ, որ Հայաստանի դեմ ագրեսիա կիրառեն, իրենք միշտ էլ ինչ-որ անհեթեթ ու անիրագործելի նախապայման առաջ կքաշեն, որպեսզի շարունակեն իրենց նենգ քաղաքականությունը։ Ագրեսորի հանդեպ մեղմ լինելու ցանկացած փորձը մենք տեսնում ենք Մյունխենյան գործարքի հետևանքներով։ Միևնույն է, դա ոչ մի դրական բանի չի հանգեցնի, նրանց ախորժակը չի զսպի։ Ադրբեջանի ու Թուրքիայի համար պատերազմը չի էլ ավարտվել, սպասում են իրենց համար բարենպաստ պայմանների, որ իրենց սև գործը հասցնեն ավարտին ու ոչնչացնեն մեր պետականությունը՝ կատարելով ցեղասպանություն արդեն իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ Գրիգորի Այվազյանի՝ իրականության հետ պետք է առերեսվենք և օր ու գիշեր պայքարենք, որ մեր պետականությունը հարատևի, որպեսզի մեր թշնամու երազանքը երբեք իրականություն չդառնա։
«Ոչ թե պետք է երկրում փնտրել թշնամիների, այլ ուղիղ հայացքով պետք է նայել դիմացիդ թշնամուն՝ գնահատելով նրանից եկող իրական վտանգը՝ ուղղված մեր պետականությանը։ Եթե մենք գիտակցենք, որ պայքարում ենք թուրք-ադրբեջանական նացիզմի դեմ, ապա բոլոր շանսերն ունենք՝ դիմագրավելու վերահաս վտանգին և հաղթանակած դուրս գալու այդ իրավիճակից, որովհետև տարածաշրջանում փոփոխվող իրավիճակ է, և Թուրքիան ու Ադրբեջանն այնքան էլ կայուն չեն»,- նշեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: