Փորձագետ Ալեն Ղուլյանը սոցիալական ցանցերում հրապարակված իր գրառման մեջ կոշտ և ուշագրավ գնահատականներ է տվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Մասնավորապես, նա նշել է հետևյալը.
«Էրդողանը թույլ չի տա Ալիևին միանձնյա վերցնել հաղթանակի փառքը… Նայած վերջին լարվածությանը երկրների միջև և Իլհամի դեմարշներին, նա ատամներով կառչած է Ղարաբաղյան պատերազմի հաղթանակի գլխավոր հրամանատարի դերից։ Իր փառքի կտորը տալու մտադրություն չունի, որքան էլ Իլհամը ճամբար փոխի կամ իրեն զգա իրավիճակի միանձնյա տեր։ Էրդողանի այցը ադրբեջանական քարոզչությունը, բնականաբար, կներկայացնի որպես Իլհամի հերթական քաղաքական հաղթանակ՝ թե, տեսեք, նա Թուրքիա չի գնում, Էրդողանն անձամբ է ժամանում նրա մոտ։
Բայց իրականությունը բոլորովին այլ է. վայրէջք կատարելով ոչ թե Բաքվում, այլ ուղղակիորեն օկուպացված Արցախի «Ֆիզուլիի օդանավակայանում»՝ Էրդողանը հերթական անգամ Ադրբեջանին ու Իլհամին դեմ առ դեմ կանգնեցրեց այն իրականության հետ, որ առանց թուրքական բանակի որևէ հաղթանակ պարզապես լինել չէր կարող»։