«Ես համարում եմ, որ սա նաև մեր նախաձեռնությունն է, քանի որ մենք ամիսներ շարունակ խոսել ենք այս մասին, որ չի կարելի զոհաբերել Անկախության հռչակագրին հղումը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի համախմբան կոչին միացած ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Դա մեր անցած ուղին է, հիշեք՝ ո՞ր իշխանության օրոք է ընդունվել Անկախության հռչակագիրը։ Եվ մենք հիմա զբաղված ենք այդ հռչակագրի պաշտպանությամբ, որովհետև հասկանում ենք եթե Նիկոլ Փաշինյանն իրագործի իր ծրագիրը, հիմնովին քայքայելու է Հայաստանի իրավաքաղաքական հիմքերը»,-նշեց Զուրաբյանը։
Լևոն Զուրաբյանը ընդդիմության միավորումը կարևորելով՝ հավելեց՝ նախկինում իրար հետ տարաձայնություններ ունեցող ուժերը այսօր միավորվել են, որովհետև վտանգված է անկախ Հայաստանի գոյությունը։
«Նիկոլ Փաշինյանը ևս մեկ աննախադեպ գործ արեց․ իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ։ Այդ գործի շրջանակում պետք է դիմադրել Հայաստանի ինքնիշխանության կորստին»։