Սևանի ափին ճեմուղի կկառուցվի՝ «Հարսնաքարից» մինչև թերակղզի (PAN.am)

2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի՝ «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի հատվածում 2․8 կիլոմետր երկարությամբ և 6․5 մետր լայնությամբ: Այդ մասին հայտնել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ ներկայացնելով 2027 թվականի պետական բյուջեի նախագծով կառույցին հատկացվելիք ֆինանսական միջոցների ծավալներն ու դրանց օգտագործման հիմնական ուղղությունները։

Ճեմուղու կառուցման նախագիծը համալիր փորձաքննության փուլում է։ Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2027 թվականին, հայտնում է Քաղաքաշինության կոմիտեն:

Վարդանյանի ներկայացմամբ՝ կոմիտեի համար նախատեսված ընդհանուր մոտ 5 միլիարդ 115 միլիոն դրամից 3 միլիարդ 360 միլիոնը նախատեսվում է ուղղել Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում բնակելի շենքերի կառուցմանը և Սևանա լճի առափնյա հատվածում նոր ճեմուղու ստեղծմանը։

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասում մինչև 2028 թվականը ծրագրված է կառուցել 15 բազմաբնակարան բնակելի շենք։

Վարդանյանը մանրամասնել է, որ նախատեսվող ֆինանսավորումը ծառայելու է քաղաքաշինության ոլորտը կարգավորող մեխանիզմների կատարելագործմանը, բնակելի և հանրային նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը, տարածական պլանավորման աշխատանքներին, ինչպես նաև կոմիտեի հիմնական պարտականությունների իրականացմանը։

Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ուղղությամբ նախատեսվել է 268 միլիոն դրամի ֆինանսավորում։ Այդ միջոցներով իրականացվելու են գործող շինարարական նորմերի արդիականացման և Եվրոպական միությունում կիրառվող նորմատիվային պահանջները Հայաստանի պայմաններին համապատասխանեցնելու աշխատանքներ։

Ֆինանսավորման հաջորդ կարևոր ուղղությունը Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի պատրաստումն է։ Ծրագրի ընդհանուր գնահատված արժեքը կազմում է մոտ 404 միլիոն դրամ, որից 283․23 միլիոն դրամի հատկացումը նախատեսված է 2027 թվականի համար։

«Այս աշխատանքների անհրաժեշտությունը պայմանավորված է Սևանա լճի առափնյա տարածքների զարգացման միասնական մոտեցում ունենալու կարևորությամբ։ Իրականացվելու է գոտևորման նախագիծ, որով կհստակեցվեն կառուցապատման բոլոր չափանիշները, օգտագործելի հողատարածքների հնարավորությունները և դա պարզ, թափանցիկ կներկայացվի հանրությանը։ Արդյունքում հնարավոր կլինի ապահովել առափնյա տարածքների առավել համակարգված ու կանոնակարգված զարգացումը՝ հաշվի առնելով նաև Սևանա լճի բնապահպանական առանձնահատկությունները և օգտագործելով տարածքի տնտեսական ներուժը»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Քաղաքաշինության կոմիտեի կանոնադրությամբ սահմանված գործառույթների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով 2027 թվականի բյուջեի նախագծով կառույցի պահպանման ծախսերի համար նախատեսվել է մոտ 1 միլիարդ 160 միլիոն դրամ։

Կոմիտեի մասնագիտական և կազմակերպական կարողությունների զարգացման համար էլ նախատեսվել է լրացուցիչ մոտ 30 միլիոն դրամի ֆինանսավորում։

Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծով Քաղաքաշինության կոմիտեի համար նախատեսվել է մոտ 5․115 մլրդ դրամ՝ բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինական կարգավորումների կատարելագործման նպատակով։

Leave a comment