Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ԵՊՀ, Թումո և ՀՀ մշակութային կենտրոններ (PAN.am)

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարար Աթենա Միխայիլիդուն այցելել է մի շարք կրթական, երիտասարդական և մշակութային հաստատություններ։

Այցերի ընթացքում կիպրացի բարձրաստիճան հյուրին ուղեկցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Պատվիրակության այցերի առաջին ուղղությունը եղել է Երևանի պետական համալսարանը, որտեղ Կիպրոսի կրթության նախարարն ու պատվիրակության անդամները հանդիպել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Կիպրոսի միջև կրթական ու գիտական համագործակցության զարգացման հնարավորություններին։ Մասնավորապես, քննարկվել են երկկողմ գործընկերային հարաբերությունների ամրապնդման, համատեղ գիտահետազոտական նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև ուսանողների և դասախոսների ակադեմիական փոխանակման ծրագրերի ընդլայնման հեռանկարները։

Առանձին ուշադրության է արժանացել Կիպրոսի համալսարանում հայագիտական կենտրոնի կամ համապատասխան ամբիոնի ստեղծման հնարավորությունը, որը կարող է նպաստել հայագիտության զարգացմանն ու երկու երկրների ակադեմիական կապերի խորացմանը։

Հայաստանում երիտասարդական քաղաքականության իրականացման փորձին ծանոթանալու նպատակով կիպրական պատվիրակությունն այցելել է նաև Ծաղկաձորում գործող «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն։

Հյուրերին ներկայացվել են կենտրոնի հիմնական գործունեությունը, երիտասարդների համար ստեղծված ժամանակակից պայմանները, ինչպես նաև այստեղ իրականացվող կրթական և ժամանցային ծրագրերը։ Պատվիրակության անդամները բարձր են գնահատել երիտասարդների կարողությունների զարգացմանն ու ներուժի բացահայտմանն ուղղված հայաստանյան նախաձեռնությունները։

Այցի հաջորդ կանգառներից մեկը եղել է ԹՈւՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որտեղ Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարի գլխավորած պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ոչ ֆորմալ կրթության հաջողված փորձին։

Կենտրոնի ներկայացուցիչները հյուրերին ներկայացրել են ԹՈւՄՈ-ի կրթական գործունեության առանձնահատկությունները, ընթացիկ ուսումնական ծրագրերը, նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները և կենտրոնում առկա ժամանակակից ենթակառուցվածքները։

Աթենա Միխայիլիդուն նաև անմիջական շփումներ է ունեցել կենտրոն հաճախող երիտասարդների հետ։ Նախարարը զրուցել է նրանց հետ՝ հետաքրքրվելով ուսումնական հետաքրքրություններով, նախասիրություններով և կենտրոնում ստացած փորձառությամբ։

Կրթական և երիտասարդական հաստատություններ կատարած այցելություններին զուգահեռ՝ կիպրական պատվիրակությունը հնարավորություն է ունեցել ծանոթանալու նաև Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությանը։

Այդ նպատակով Աթենա Միխայիլիդուն և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Հյուրերը շրջել են թանգարանային ցուցասրահներում, ուսումնասիրել մշտական և նորաբաց ցուցադրությունները՝ ծանոթանալով հայկական ձեռագրական արվեստի եզակի նմուշներին ու դրանց պատմամշակութային նշանակությանը։

Կիպրոսի կրթության նախարարի գլխավորած պատվիրակության ճանաչողական շրջայցն ավարտվել է Հայաստանի պատմության թանգարանում։

Այստեղ հյուրերին ներկայացվել են թանգարանի արժեքավոր հավաքածուները, մշտական և նոր ցուցադրությունները, որոնց միջոցով հնարավոր է համապարփակ պատկերացում կազմել հայ ժողովրդի դարավոր պատմության, մշակութային զարգացման և քաղաքակրթական անցած ճանապարհի մասին։

Leave a comment