Ինչու ենք կոչվում հայ. Փաշինյանի «նոու–հաուն»

«301 թ.-ից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ ոչ, ակնհայտորեն եղել ենք, բայց 301 թ.-ից առաջ չի եղել քրիստոնեություն, չեն եղել գրերը, չի եղել եկեղեցին, բա մենք ինչի՞ հաշվին ենք հայ եղել, հայ կոչվել։ Ակնհայտ է պատասխանը, մենք հայեր ենք կոչվել, որովհետև մեր թագավորներն են հայեր եղել, սա ապացուցում է այն թեզը, որ մեր պետությունը մեր ինքնությունն է և մեր ինքնությունը մեր պետությունն է, և սա ֆունդամենտալ նշանակություն ունեցող արձանագրում է մեր հետագա ընկալումների և գործողությունների համար», Համաշխարհային հայկական գագաթնաժողով կոչվող միջոցառմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով «գովազդել», այսպես կոչված, «Իրական Հայաստան» իր կոնցեպտը։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն արձանագրում է հայագիտության նոր նվաճումներ։ Ստացվում է, որ հայերն առաջացել են թագավորներից․ մենք հայ ենք կոչվել, որովհետեւ հայ են եղել մեր թագավորները։ Իհարկե, «փաշինյանական հայագիտությունը» գուցե դեռ չի մոգոնել պատասխանը, թե՝ իսկ ինչո՞ւ են հայ եղել կամ կոչվել մեր թագավորները։ Բայց Նիկոլ Փաշինյանն առանձնապես խորամուխ չի եղել այդ հարցի եւ հնարավոր պատասխանի խորխորատներում, որովհետեւ դա կարող էր արդեն շեղել «Իրական Հայաստանի» այսպես ասած հիմնավորումից եւ տաներ լրիվ հակառակ եզրակացությունների։ Ըստ այդմ, պետք է կանգ առնել այն վարկածի վրա, որ մենք առաջացել ենք թագավորներից՝ հայ ենք կոչվել, որովհետեւ հայ են եղել մեր թագավորները։ Ասել կուզի՝ մենք թագավորածին ազգ ենք։

Սա բոլորովին պատահական «հայագիտություն» չէ, որ փորձում է առաջ մղել Նիկոլ Փաշինյանը։ Նա խոսում է, այսպես կոչված, Չորրորդ հանրապետության ստեղծման մասին, ներկայանում որպես այդ հանրապետությանը ծնունդ տվող։ Ստացվում է՝ ներկայացված «հայագիտական տեսության» շրջանակում, որ հայերը թագավորածին են, իսկ Չորրորդ հանրապետությունը՝ փաշինյանածին։ Իսկ դա էլ նշանակում է, որ Չորրորդ հանրապետությունում ապրողները կկոչվեն համապատասխան ձեւով, այնպես, ինչպես բխում է տվյալ պետությունից եւ «թագավորից»։ Ու, քանի որ բոլոր նշանները վկայում են, որ Չորրորդ հանրապետությունն իրականություն դառնալու պարագայում միայն հայեր չէ, որ ապրելու են այդ երկրում, ապա հարկ կլինի Չորրորդ հանրապետությունում ապրողներին կոչել նոր ձեւով, արդեն ոչ հայ։ Եվ, քանի որ առաջ է քաշվում ըստ թագավորի կոչվելու կոնցեպտը, ապա՝ Նիկոլ Փաշինյանի «ծնած» պետությունում ապրողները կանվանվեն դրանից բխող որոշակի տրամաբանությամբ, օրինակ՝ փաշինյանական հայաստանցիներ, կամ կրճատ՝ փայ։

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment