ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին Իրանը միջուկային օբյեկտների մերձակայքում բնակվողներին յոդ է բաժանում. The Times

Իրանի իշխանությունները սկսել են յոդի հաբեր բաժանել միջուկային օբյեկտների մերձակայքում բնակվող մարդկանց։ 

Ինչպես հայտնում է «The Times»-ը՝ վկայակոչելով Իրանի առողջապահության նախարարության պաշտոնյային, հաբերը բաժանվում են այդ օբյեկտներից երկու-երեք կիլոմետր շառավղով տարածքում. այս քայլն արվում է այն բանի ֆոնին, երբ երկիրը պատրաստվում է հնարավոր հարձակման։

«Այո, մենք յոդ ենք բաժանում։ Յուրաքանչյուր պատերազմի ժամանակ մենք ջանք ենք գործադրել՝ այն բաժանելու միջուկային օբյեկտների շուրջ երկու-երեք կիլոմետր շառավղով տարածքում»,— պարզաբանել է պաշտոնյան։

Հիմնական մտահոգությունները կապված են Նաթանզի մոտ տեղակայված և «Քլանգի լեռ» անվանումով հայտնի ստորգետնյա համալիրի հետ։ Իրանական սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութում հրահանգներ են տրվում, թե ինչպես գործել այդ օբյեկտում միջուկային պայթյունի դեպքում. հարակից տարածքների բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ փակ տարածքներում, դուրս չգալ և հետևել պաշտոնական հայտարարություններին։

Համալիրը Նաթանզի ուրանի հարստացման գործարանից դեպի հարավ էլ տեղակայված՝ 1,5 կիլոմետրից մի փոքր ավելի հեռավորության վրա։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ օբյեկտի որոշ հատվածներ կարող են հասնել 80-100 մետր խորության։ Անհայտ է մնում, թե կոնկրետ ինչ կա ներսում. հրապարակման մեջ նշված է, որ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները երբեք չեն այցելել այդ վայրը։

Leave a comment