«Ինչո՞ւ է Ալիևին պետք, որ մեր հիմնադիր փաստաթղթերը՝ սկսած Սահմանադրությունից մինչև Անկախության հռչակագիր, իրավականության հետ կապված խնդիրներ ունենան։ Որովհետև դրանք ՀՀ իրավական հիմքերն են։ Մեր վարչապետը մեր Անկախության հռչակագիրը համարում է կոնֆլիկտային փաստաթուղթ, մինչդեռ այն եղել է մեր պետականության ծննդյան վկայականը։ Այս փաստաթուղթը եկել է, հաղթահարել կոնֆլիկտը՝ պատերազմը, և մեզ տվել պետականություն։ Երկրի վարչապետը պիտակավորում է Անկախության հռչակագիրը, երկրի ղեկավարը գնում է նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգով»,- այսօր լրագրողների հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց սահմանադրագետ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
Ըստ նրա՝ եթե նոր Սահմանադրությունն ընդունվի, Ալիևի հաջորդ պահանջը լինելու է այն, որ ՀՀ-ն դադարի պետական միավոր լինելուց։
«Որ ՀՀ-ն պետական միավոր չի կարող լինել, որովհետև չունի իրավական հիմքեր։ Սկսելու են ակտիվ միջազգային հարթակներում կյանքի կոչել և շարունակել «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը։ Իսկ դա իրենց մոտ պետական հովանավորչությամբ տեղի ունեցող գործընթաց է։ Ադրբեջանում մեզ մատուցում են, թե գնում ենք խաղաղության, մինչդեռ բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, որ Երևանը Արևմտյան Ադրբեջանի տարածք է, Սևանը՝ Գյոյչա։ Սա է իրենց վերջնական նպատակը»,- ասաց նա։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: