Ազգային ժողովում հոկտեմբերի 29-ի նիստը սկսվեց սովորականի պես, բայց կարճ ժամանակ անց բանը հասավ բռունցքներին, նետվող շշերին ու աթոռին, արյունոտված դեմքերին ու կոտրված գույքին։ Այդ ամենից հետո քրեական վարույթ չնախաձեռնվեց։
Factor TV-ն ուսումնասիրել է ԶԼՄ-ներում այդ օրը հրապարակված տեսանյութերը, նույնականացրել է պատգամավորներին, պարզել՝ նրանցից ով է առաջինը հատել թույլատրելիի սահմանը, ով է առաջինը ֆիզիկական ուժ կիրառել, ովքեր էին հարվածում, ովքեր՝ բաժանում, և ովքեր էին դիտողի դերում։
Նիստի մեկնարկին 105 պատգամավորներից դահլիճում էր 79-ը։ Օրակարգում Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունն էր, քննարկումը հասել էր մտքերի փոխանակության փուլին։ Առաջինը ելույթ ունեցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ Այնուհետև ամբիոնին մոտեցան Նարեկ Գրիգորյանը, Մեսրոպ Մանուկյանը և Հայկ Ֆարմանյանը։
Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ։
Չախոյանը խոսեց Նարեկ Կարապետյանի հոր և հորեղբոր մասին։ Կարապետյանը սկսեց տեղից արձագանքել։ ՔՊ-ականը հիշեց նոր նախարարություն ստեղծելու վերաբերյալ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի արտահայտությունը։
«Մեղավոր չեմ, որ պատրաստվում էր մի նախարարություն բացել, որը, իրենց ձևակերպմամբ, պետք է բավարարեր բոլոր կանանց ու մինչև էսօր էլ դրա համար ներողություն չխնդրեց կանանցից»,- ասաց Չախոյանը։
Կադրերում երևում է, որ պատգամավորները սկսում են վեր կենալ տեղերից։ ՔՊ-ի ու «Ուժեղ Հայաստան»-ի մի խումբ պատգամավորներ հավաքվել էին ամբիոնի մոտ։ Սկզբում միայն հրմշտոց էր, հարվածներ չկային։ Ազգային ժողովի փոխնախագահներից Արամ Վարդևանյանը պատգամավորների մոտ իջավ։ Ռուբեն Ռուբինյանը նիստը չընդհատեց․ «Ես հատուկ չեմ հայտարարում ընդմիջում, որ բոլորը տեսնեն սա և չեմ հայտարարելու։ Նիստը սենց շարունակվելու ա։ Դուք կողմնորոշվեք՝ ծեծկռտուք լինելու ա, չի լինելու․ ես դեմ չեմ»։
Թվում էր՝ միջադեպն ավարտվել է։ Մի քանի րոպե անց պատգամավորները սկսեցին վերադառնալ իրենց տեղերը։ Բայց հանգստությունը կարճ տևեց։
Կադրում երևում է, որ վերևի շարքերում կանգնած Վահագն Ալեքսանյանի և առաջին շարքի մոտ գտնվող Դավիթ Ղազինյանի միջև նոր լեզվակռիվ է սկսվում։
Գրեթե նույն պահին մեկ այլ վիճաբանություն ծագեց նախագահության կողքի մուտքի մոտ՝ Տարոն Չախոյանի և Արամ Վարդևանյանի միջև։ Պատգամավորները դարձյալ վեր կացան տեղերից։ Այդ վիճաբանությունը ևս երկար չտևեց, բայց քիչ անց նույն հատվածում արդեն Նարեկ Գրիգորյանն ու Հարություն Մնացականյանն էին ակտիվ վիճում։
Կադրերում երևում է՝ Վիլեն Գաբրիելյանը փորձում է հանգստացնել Գրիգորյանին, ընդդիմադիր պատգամավորները՝ Մնացականյանին։ Ռուբինյանը կրկին զգուշացրեց՝ ընդմիջում չի հայտարարելու։
Իրավիճակը հանդարտվելուց հետո դահլիճից հեռացան Վիլեն Գաբրիելյանն ու Վաղինակ Վարդանովը։
Տարոն Չախոյանը շարունակեց մնալ ամբիոնի մոտ, բաժակի մեջ ջուր լցրեց և սկսեց խմել։ Մի քանի վայրկյան անց նա շրջվեց նախագահության կողմը, կարճ խոսեց փոխնախագահների հետ, ապա հայացքն ուղղեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմը և Սամվել Կարապետյանի վերաբերյալ արտահայտություն արեց։
Չախոյանի արած արտահայտությունից հետո, որը տեսագրություններում հստակ չի լսվում, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները, այդ թվում՝ Գառնիկ Դավթյանը, շարժվեցին դեպի ամբիոնը, որտեղ կանգնած էր Տարոն Չախոյանը։ Նա ընդառաջ եկավ։ Այստեղից սկսվեց ֆիզիկական բախումը։
Դավթյանն հրեց Չախոյանին և ձեռքը ձգեց դեպի նրա կոկորդը։ Չախոյանը ձեռքին պահած բաժակի պարունակությունը դատարկեց Դավթյանի վրա։
Դրան հաջորդեցին առաջին բռունցքները․ Դավթյանը մի քանի անգամ հարվածեց Չախոյանի գլխի և մեջքի հատվածներին։
Մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Նարեկ Բաբայանն արագ մոտեցավ և սկսեց հարվածել Դավթյանին։ Վերջինս կարողացավ բարձրանալ վերևի շարքեր ու խուսափել հարվածներից։
Պատգամավորներին հանդարտեցնելու փորձի ժամանակ թիմակից Բաբայանից մի քանի հարված ստացավ նաև Սասուն Միքայելյանը։
Այնուհետև Նարեկ Բաբայանը շրջվեց դեպի Հարություն Մնացականյանը և սկսեց հարվածել նրան։
Հենց այդ պահին ընկավ նիստերի դահլիճի առաջին շարքի սեղանը՝ այն հատվածում, որտեղ գտնվում էր նաև Նարեկ Կարապետյանը։
Մնացականյանը վայր ընկավ։ Բաբայանը շարունակեց բռունցքները թափահարել Տիգրան Աբրահամյանի, Ռուբեն Մխիթարյանի, Մեսրոպ Մանուկյանի և Անուշավան Մանուչարյանի ուղղությամբ։ Մի քանի անգամ կարողացավ հարվածել Աբրահամյանին։
Վայրկյաններ անց Մնացականյանը վեր կացավ և մեջքից հարվածներ հասցրեց Բաբայանին։ Մեսրոպ Մանուկյանն ու Անուշավան Մանուչարյանը դիմացից փորձեցին ոտքերով հարվածել Բաբայանին։ Նա հետ քաշվեց և դահլիճի աջ հատվածից, որտեղ նստում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները, շարժվեց դեպի կենտրոնական հատված՝ Նարեկ Կարապետյանի, Դավիթ Ղազինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մյուս պատգամավորների կողմը։
Նույն պահին մեկ այլ բախում զարգացավ դահլիճի կենտրոնական հատվածում։ Նարեկ Ղահրամանյանը, նախագահությունից ներքև իջած Հայկ Կոնջորյանն ու Ահարոն Սահակյանը, հրելով և հարվածելով ընդդիմադիրներին, շարժվեցին Նարեկ Կարապետյանի, Դավիթ Ղազինյանի, Շիրազ Մանուկյանի, Անդրանիկ Գևորգյանի և Վրույր Այվազյանի ուղղությամբ։
Կոնջորյանի կողքին հայտնվեց նաև Սարիկ Մինասյանը և բռունցքով հարվածեց Շիրազ Մանուկյանին։
Այս հատվածում մի քանի պատգամավորներ արդեն գետնին էին։
Նարեկ Կարապետյանը, Դավիթ Ղազինյանը, Անդրանիկ Գևորգյանն ու Վրույր Այվազյանը կարողացան վեր կենալ ընկած տեղից։
Կադրերում երևում է, թե ինչպես է Սիսակ Գաբրիելյանը փորձում հանգստացնել գետնից նոր վեր կացած Նարեկ Կարապետյանին։
Այդ պահին Երևանի քաղաքապետարանից Ազգային ժողով տեղափոխված Միքայել Խաչատրյանը հարվածեց Կարապետյանին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը շրջվեց դեպի Խաչատրյանը և մի քանի անգամ հարվածեց նրա գլխի ու մեջքի հատվածներին։
Հրապարակված կադրերում երևում է, որ Խաչատրյանից հետո Կարապետյանին սկսեց հարվածել Վոլոդյա Հակոբյանը։ Խաչատրյանից հետո Կարապետյանը հարվածներ հասցրեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարին։
Միքայել Խաչատրյանին ոտքով հարվածեց նաև Հայկ Ֆարմանյանը, ինչից հետո ինքն էլ պատասխան հարված ստացավ։
Այս խառնաշփոթի ժամանակ ՔՊ-ից Կարեն Համբարձումյանը և Հայկ Կոնջորյանը, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան»-ից Անդրանիկ Գևորգյանը հայտնվեցին գետնին՝ հենց ամբիոնի մոտ։
Այս հատվածում երևում է, որ գետնին ընկած Գևորգյանին բռունցքներով և ոտքերով շարունակում է հարվածել ՔՊ-ական Ռոման Համբարձումյանը, իսկ Կարեն Համբարձումյանին ոտքի կանգնել օգնեց Սարգիս Խանդանյանը։
Մեկ այլ դրվագում Դավիթ Ղազինյանը վեր կացավ ընկած տեղից։ Նրան մոտեցավ Նարեկ Գրիգորյանը և սկսեց ոտքերով հարվածել։ Ղազինյանի պատասխան հարվածից հետո Գրիգորյանն ընկավ գետնին։
ԱԺ քարտուղարության հարևանությամբ ևս մեկ բախում տեղի ունեցավ՝ ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանի, Վահե Ղալումյանի և «Ուժեղ Հայաստան»-ից Գառնիկ Դավթյանի ու Ռուբեն Մխիթարյանի մասնակցությամբ։
Ղալումյանը ձեռքերը վեր պարզած փորձեց բաժանել Գյուլնազարյանին և Մխիթարյանին։ Այդ պահին Գառնիկ Դավթյանը Մխիթարյանի թիկունքից ոտքով հարվածեց Ղալումյանին։
Ծեծկռտուքի ընթացքում Նարեկ Բաբայանը սկսեց անկանոն հարվածներ հասցնել Անդրանիկ Գևորգյանին և Հայկ Սուքիասյանին։ Կադրերում երևում է, թե ինչպես են Ահարոն Սահակյանը, Վիլեն Գաբրիելյանն ու Արմեն Խաչատրյանը փորձում նրան հետ քաշել։
Այդ պահին Ռուբեն Ռուբինյանն արդեն ընդմիջում հայտարարեց, իսկ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները մտան դահլիճ և սկսեցին պատգամավորներին բաժանել ու դուրս բերել։
Դրվագներից մեկում երևում է, թե ինչպես է Հայկ Սուքիասյանը պատգամավորական սեղանից պոկված փայտի կտորով փորձում մխրճվել կռվողների մեջ, սակայն ՊՊԾ աշխատակիցները նրան հետ էին պահում։
Այդ ընթացքում ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը շշով հարվածեց ՊՊԾ-ի ուղեկցությամբ դեպի ելքը շարժվող Անդրանիկ Գևորգյանին։ Մեկ այլ ռակուրսից երևում է, որ Ծովինար Վարդանյանը փորձեց խանգարել նրան։
Ընդմիջում հայտարարելուց հետո Տարոն Չախոյանը բռունցքով հարվածեց Նարեկ Կարապետյանին։ Այնուհետև ՔՊ-ականներ Հայկ Կոնջորյանը, Լևոն Լևոնյանը, Նարեկ Ղահրամանյանը և Նարեկ Բաբայանը սկսեցին հարվածներ հասցնել Անդրանիկ Գևորգյանին և Հայկ Սուքիասյանին։
Դահլիճի այն հատվածում, որտեղ նստում է «Հայաստան» խմբակցությունը, Լյուդվիգ Գյուլնազարյանը Մեսրոպ Մանուկյանի հետ վիճաբանության ժամանակ վերջինիս գցեց գետնին։ Պետական պահպանության ծառայողներին աստիճանաբար հաջողվեց հարաբերական անդորր հաստատել դահլիճում։
Բայց ձեռքերով և ոտքերով հարվածներին փոխարինեցին նիստերի դահլիճում եղած ջրի շշերը։
Շշերը հիմնականում անկանոն էին նետվում, սակայն դրանցից մեկը դիպավ ամբողջ ծեծկռտուքի ընթացքում հիմնականում բաժանողի դերում հանդես եկող Վիլեն Գաբրիելյանի գլխին։
Դահլիճի մյուս հատվածից այդ պահին շիշ նետեցին երկու պատգամավորներ՝ Նարեկ Կարապետյանն ու Գառնիկ Դավթյանը։ Թե որի նետած շիշը դիպավ Գաբրիելյանին, կադրերում չի երևում։
Դահլիճից դուրս բերվելուց հետո հրմշտոցը որոշ ժամանակ շարունակվեց նաև միջանցքում։ Դրան մասնակցեցին նաև պատգամավորների օգնականները։
ՊՊԾ աշխատակիցները կարողացան կողմերին բաժանել և կենդանի պատ կազմել իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև։ Դրանից հետո «Ուժեղ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները քննարկումներ ունեցան նիստերի դահլիճում։ Ընդմիջումից հետո իրավիճակը շարունակեց լարված մնալ, սակայն գործն այլևս բռունցքներին չհասավ։
Ծեծկռտուքից հետո լայն տարածում ստացան նաև կադրերը, թե ինչպես է Վահագն Ալեքսանյանը բարձրացնում աթոռներից մեկն ու այն նետում Գառնիկ Դավթյանի ուղղությամբ։ Դրանից առաջ նման փորձ կատարում էր նաև Տիգրան Աբրահամյանը, սակայն դրա վրա ընկած սեղանի ծանրությունը թույլ չէր տալիս այն բարձրացնել։
Եվս մեկ դրվագ տարածվեց համացանցում, որտեղ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը ջրի շշեր է փոխանցում Սուրեն Հովհաննիսյանին, իսկ վերջինս դրանք նետում է մյուս պատգամավորների ուղղությամբ։ Վարդանյանի խոսքով՝ դրանք փոխանցել էր ոչ թե որևէ մեկին հարվածելու, այլ խմելու նպատակով։
Ծեծկռտուքից հետո Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ նաև ամբողջ ընթացքում բախումներից հեռու մնացած Էդգար Ղազարյանին․ «Չգիտեմ, սա նախախնամություն է, ինչ է․․․ պատկերացնո՞ւմ եք, Էդգար Ղազարյանի գլխից անգամ մի մազ չի պակասել։ Եվ դա իմ շնորքնա»։
Տեսանյութերը ցույց են տալիս, որ դահլիճում գտնվող ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել ֆիզիկական բախմանը։ Ոմանք տարբեր փուլերում փորձում են բաժանել կռվողներին, ոմանք առհասարակ չեն միջամտել։
Նրանց թվում էին Էդգար Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը, Սասուն Միքայելյանը, Վաղինակ Վարդանովը, Ալեքսեյ Սանդիկովը, երեք խմբակցությունների կին պատգամավորները, Արմեն Խաչատրյանը, Մամիկոն Ասլանյանը, Տրդատ Սարգսյանը, Արամ Վարդևանյանը, Էդգար Առաքելյանը, Արման Եղոյանը և այլք։
Թեև այս ամենը ուղիղ եթերում էր և տարբեր ռակուրսներից նկարահանվել է բազմաթիվ տեսախցիկներով, ծեծկռտուքից ավելի քան 1 շաբաթ անց՝ նոյեմբերի 5-ի դրությամբ, դեպքի փաստով քրեական վարույթներ չեն նախաձեռնվել։
Գլխավոր դատախազությունից ասում են՝ քրեական վարույթի առկայության վերաբերյալ տվյալ չկա, իսկ Քննչական կոմիտեից՝ որ միջադեպի վերաբերյալ հաղորդում չեն ստացել։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը գործընկեր կազմակերպությունների հետ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել խորհրդարանում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցածի առնչությամբ։
Պատգամավորական մանդատը բռնության և անպատժելիության արտոնություն չէ, նշում են կազմակերպությունից։
Եվգենյա Համբարձումյան