Դավիթ Ղազինյան․ «Սամվել Կարապետյանին կալանավայր տանելով՝ մեզ ավելի մոտիվացրին, Նարեկին կտանեն, կրկնակի կմոտիվացնեն, ինձ կամ այլ պատգամավորի կտանեն, եռակի կմոտիվացնեն»

«Իրենց ստեղծած Հակակոռուպցիոն դատարանն անգամ Սամվել Կարապետյանի պարագայում, ես պատկերացնում եմ այդ դատավորի վրա ճնշումները, դատավորը քննիչի երկու ամսվա միջնորդած կալանքից տալիս է մեկ ամիս։ Էն յոթ ձերբակալվածներն էլ դրսում են։ Սա արդեն փաստում է, որ այստեղ գործ չկա»,- փաստմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ Կարապետյանների ընտանիքի հասցեին մեղադրանքներ է հնչեցրել՝ պնդելով, որ ընտանիքը սնվել է ՀԷՑ-ից, ՀԷՑ ենթակառուցվածքներում ներդրումներ չեն արվել, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Նա տեղեկացրեց, որ ինը ձերբակալված անձանցից կալանավորվել են երկուսը՝ Սամվել Կարապետյանը և մեկ այլ անձ․ «Մնացած յոթի մեծ մասին անգամ ոտքին ոչինչ չեն ամրացրել։ Ուղղակի ալիևյան սահմանադրությունն ընդունելու համար ՝ իրենց կարծիքով։ Լավ կլինի Սամվել Կարապետյանը դրսում լինի, բայց ներսում էլ լինի, մեկ է՝ չի աշխատելու իրենց սխեման։ Ինչու եմ ասում՝ ալիևյան, որովհետև այնտեղից են ասում՝ պիտի փոխես։ Կներեք՝ որոշ դեպքերում խոսակցական լեզվով եմ խոսում հանրությանը պարզ լինելու համար։ Եթե իրենց պահանջով չէ դա, լավ տղա եք, բերեք, խաղաղությունը կնքեք, հետո սկսենք քննարկել այդ սահմանադրության փոփոխությունը, կամ ինչո՞ւ սահմանադրության փոփոխությունը, այլ ոչ թե որոշ հոդվածների փոփոխությունը»։

Հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ ձեր ուժին «համոզելու» գործընթացը կարող է շարունակություն ունենալ, որ ամենամեծ խմբակցության ողնաշարը ջարդեն, Դավիթ Ղազինյանը պատասխանեց․ «Նոր քրեական գործերի միանշանակ պատրաստ ենք, և կլինեն։ Բայց հակառակ հռետորական հարցը տամ՝ իսկ ո՞վ է ասել ինձ կամ Նարեկին կալանավորելով՝ ողնաշարը կջարդվի։ Սամվել Կարապետյանին կալանավայր տանելով՝ մեզ ավելի մոտիվացրին, Նարեկին կտանեն, կրկնակի կմոտիվացնեն, ինձ կամ այլ պատգամավորի կտանեն, եռակի կմոտիվացնեն։ ՀՀ-ում չի փոխվելու սահմանադրությունը՝ առավել ևս Ալիևի պահանջով»։

Դավիթ Ղազինյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment