Կարևոր է թույլ չտալ, որ բռնության ենթարկված երեխաների ինքնության բացահայտումը հանգեցնի նրան, որ երեխան հանրային ուշադրության արդյունքում ևս մեկ անգամ ենթարկվի բռնության. Գոհար Մամիկոնյան

Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» և «Խոսքի և մամուլի ազատության և տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում» ծրագրերի շրջանակում կազմակերպված թեմատիկ միջոցառումը՝ նվիրված երեխաներին առնչվող գործերի դատական լուսաբանման և լրագրողական ձեռնարկի մշակման հարցերին, որին մասնակցել են նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ներկայացուցիչները։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Քրիստինե Մելքոնյանը և Եվրոպայի խորհրդի «Երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը։

Իր խոսքում Գոհար Մամիկոնյանն անդրադարձել է խոսքի և մամուլի ազատության կարևորությանը, հեռուստատեսության և ռադիոյի կարգավորման շրջանակներին, ինչպես նաև երեխաներին, մասնավորապես՝ բռնության ենթարկված անչափահասներին առնչվող դեպքերի լուսաբանման առանձնահատկություններին։

«Ամեն հարց չէ, որ հնարավոր է խիստ կարգավորումներով լուծել, և անհրաժեշտ է, որ և՛ լրագրողը, և՛ հեռարձակողը ստանձնեն իրենց պատասխանատվության բաժինը և առաջնորդվեն ճիշտ, հավաստի և գուցե նաև գործի հանգամանքներին օգնող լուսաբանմամբ։ Կարևոր է թույլ չտալ, որ բռնության ենթարկված երեխաների ինքնության բացահայտումը, այդ թվում՝ ծնողի չիմացության կամ, ցավալիորեն, նաև ծնողի աջակցությամբ իրականացվող բռնության դեպքերի լուսաբանումը հանգեցնի նրան, որ երեխան հանրային ուշադրության արդյունքում ևս մեկ անգամ ենթարկվի բռնության»,- նշել է Գոհար Մամիկոնյանը։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment