ԼՂ-ից տեղահանված ընտանիքներում ծնված երեխաները կընդգրկվեն բնակապահովման ծրագրում․ ՀՔԱՎ-ի առաջարկն ընդունվել է

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության շրջանակներում, տրամադրում է իրավական աջակցություն և խորհրդատվություն։

Այն ներառում է ինչպես պետական աջակցության ծրագրերի հասանելիության ապահովումն ու դատական ներկայացուցչությունը, այնպես էլ ծրագրերի կիրառման ընթացքում ի հայտ եկած համակարգային խնդիրների արձանագրումը։ Դրանց հիման վրա Կազմակերպությունը ՀՀ կառավարության ընդունած որոշումների լավարկման ուղղությամբ առաջարկություններ է ներկայացնում իրավասու պետական մարմիններին, ինչպես նաև դրանք տեղադրում է ՀՀ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft)՝ համապատասխան փոփոխություններ նախատեսող նախագծերի վերաբերյալ։

Մասնավորապես, բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մշտադիտարկման արդյունքում 2026 թվականի հուլիսի 15-ին ՀՔԱՎ-ը դիմում-առաջարկություն էր ներկայացրել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին։ Առաջարկությունները վերաբերում են 1–3 անդամից բաղկացած ընտանիքներին հատկացվող աջակցության շրջանակում էկո-բնակարանների կառուցման հնարավորությանը, մինչև գույքի ձեռքբերումը շահառուի մահվան դեպքում աջակցության պահպանմանն ու ժառանգման իրավունքի սահմանմանը, ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց գույքի փաստացի բնակելիության գնահատմանը, ինչպես նաև տեղահանությունից հետո ծնված երեխաների՝ ծրագրում ընդգրկվելու սահմանափակումների վերացմանը։

ՀՔԱՎ-ն իր ներկայացրած առաջարկով բարձրացրել էր տեղահանումից հետո ծնված երեխաների՝ ծրագրում ընդգրկվելու խնդիրը՝ առաջարկելով սահմանափակումը նախատեսել ոչ թե երեխայի ծննդյան հստակ վերջնաժամկետով (օրինակ՝ 2026 թվականի դեկտեմբերի 31-ով), այլ ընտանիքի կողմից հավաստագիր ձեռք բերելու փաստով։ Այսինքն, եթե, օրինակ, ընտանիքը շահառու է ճանաչվում 2027 թվականի հունվարի 2-ին, ապա հունվարի 1-ին ծնված երեխան ևս պետք է համարվի շահառու։

2026 թվականի նոյեմբերի 3-ին e-draft.am հարթակում շրջանառված՝ Կառավարության որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում Կազմակերպության ներկայացրած առաջարկությունը ներառվել է։ Մասնավորապես, նախագծով առաջարկվում է ծրագրի շահառու համարել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը շահառու ընտանիքում ծնված երեխաներին՝ գործող կարգավորմամբ սահմանված 2026 թվականի դեկտեմբերի 31-ի փոխարեն։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակում է անվճար իրավաբանական աջակցության տրամադրումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

Աջակցության համար կարող եք զանգահարել՝

📞094042268

📞093819275

📞011242268

📞077342268

📞032242268

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment