Փաստավավերագրող Հովհաննես Իշխանյանը «Հայելի» ակումբում խոսելով երեկ Սամվել Կարապետյանին մեկ ամսով կալանավորելու, իսկ Գագիկ Ծառուկյանի կալանքը եւս երեք ամսով երկարաձգելու մասին՝ արձանագրեց, որ դրանք, ըստ էության, գերեվարում են, այլ ոչ թե կալանք։
Իսկ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունը, թե սահմանադրությունը փոխելու նպատակով ընդդիմությանը այնպիսի առաջարկ կարվի, որից չեն հրաժարվի, նույնացրեց մաֆիայի մասին «Կնքահայրը» ֆիլմում տեղ գտած նույնաբովանդակ հայտնի արտահայտությանը։ «Երբ որ ես ասում եմ, որ սրանք մաֆիոզ են, ծովահեն են, ահաբեկիչ են, անել առաջարկ, որից չեն հրաժարվի, իրավական պետության մեջ նշանակում է՝ խոսել մաֆիայի լեզվով։ Այսինքն, մենք գործ ունենք մաֆիոզների հետ; Բայց գիտե՞ք ինչ մաֆիոզների՝ «ստուկաչ մաֆիոզների», «դանոսչիկ մաֆիոզների», խարդավանքներ իրականացնող եւ չբավարարված մաֆիոզների»։ Մենք Մառլոնբրանդոական ռոմանտիկ մաֆիայի հետ գործ չունենք, որոնք իրենց ընկալում էին որպես այդպիսին, այլ ոչ թե որպես վարչապետ։
Հասկանալի է, որ հիմա շանտաժների գործն է սկսվել։ Չունե՞ս հնարավորություն՝ պետք է ստեղծես հնարավորություն, չունե՞ս լծակներ՝ պետք է ստեղծես լծակներ»,-ասաց Հովհաննես Իշխանյանը։
Իսկ թե հանրությունն իր շերտերով այս պահին ինչ պետք է անի, բանախոսն ասաց. «Պետք է Ուժեղ Հայաստանին ուժեղացնել, որովհետեւ այնպիսի շանտաժներ կարող են արվել այնտեղ, որ աներեւակայելի է։ Օրինակ, ընդհուպ, մինչեւ ընտանիքի անդամների, երեխաների հանդեպ ոտնձգություններ։ 37 թվականին այդ ամեն ինչը գաղտնի էին անում։ Սովետի փլուզումից հետո մարդիկ իմացան, թե ինչեր են արվել «տրոյկաները»։ Բայց սրանք 37 թվականից էլ վատ են։ Օրինակ, Մամիկոն Ասլանյանը հոկտեմբերի 26-ին արդարացվեց։ Բայց Վանաձորի նախկին քաղաքապետը 2 տարի 7 ամիս գերի էր։ Ընդ որում, գերի էին վերցրել, որովհետեւ հաղթել էր ընտրություններում։ Վանաձորցիները նրան էին ուզել, ոչ թե ՔՊ-ին։ Եվ պարտությունն ընդունելու մշակույթի բացակայության պատճառով սրանք այդ մարդու կյանքից 2 տարի 7 ամիս խլել են։ Եվ ոչ միայն նրա, այլ նաեւ նրա ընտանիքի կյանքից։
Հիմա նույնը կատարվում է թե Ռոբերտ Քոչարյանի, թե Գագիկ Ծառուկյանի, թե Սամվել Կարապետյանի հետ։ Որեւէ իրավականություն, որեւէ արդարադատություն չկա։ Եվ որեւէ մեկը չպետք է ընդունի իր դեմ հայցերը։ Նրանք ազատ մարդիկ են։ Նրանց գերի, պատանդ են վերցրել եւ ասում են՝ վեց հոգի պիտի տաք, որ ես Ալիեւի պահանջը կատարեմ, որ Հայաստանի ապամոնտաժման սահմանադրությունը գրեմ»,- ասաց Հովհաննես Իշխանյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: