Ինչո՞ւ էր ձգձգվում Սամվել Կարապետյանի գործի մակագրումը, և ի՞նչ կապ ուներ այս դրվագի հետ Արամ Գրիգորյանը

Նոյեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին Քննչական կոմիտեից տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան: Սակայն, հակառակ հապճեպ խուզարկություններին, օրն ավարտվում էր, իսկ դատարանում այդպես էլ չէր մեկնարկում գործի քննությունը։ Պատճառը հստակեցրեց Նարեկ Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ «գործը դեռ ոչ մի դատավորի չի մակագրվել․․․ երբեմն հին դատավորներն էլ են հոգնում»։

 

Նոյեմբերի 5-ի առավոտյան տեղեկացանք, որ գործն ի վերջո մակագրվել է դատավոր Լևոն Պետրոսյանին, որն էլ Սամվել Կարապետյանին մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրեց։

 

Այժմ՝ Հակակոռուպցիոն դատարանում գործի չմակագրման «միզանսցենի» մասին։

 

168․am-ի տեղեկություններով՝ գործը սկզբում մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին, ով, սակայն, տեղեկացրել է, որ պաշտոնից ազատման դիմում կգրի։

Պարզելու համար՝ արդյո՞ք դատավորը դիմում գրել է, կապ հաստատեցինք Հակակոռուպցիոն դատարանի հետ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանների խոսնակը մասնավորապես նշեց՝ այս պահին նման տեղեկություն չի կարող հաստատել․ հստակ ինֆորմացիա ունենալու դեպքում կփոխանցի։

 

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը ձերբակալվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ 9 անձի, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդել էր կիրառել երկամսյա կալանք։ Նշենք, որ մինչ այդ Կարապետյանը գտնվում էր տնային կալանքի մեջ։

 

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ այս գործով ևս 34 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներով։

 

Հ.Գ. Նյութի հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին դատարանից` տեղեկացնելով, որ Արամ Գրիգորյանը դիմում չի գրել. «Հերքում ենք տեղեկությունն ամբողջապես»։

Leave a comment