Պարագվայի նախագահ Սանտյագո Պենյան նոյեմբերի 5-ին հայտարարել է հրաժարականի մասին՝ իր հետ կապվող Ueno բանկի փլուզման հետևանքով երկրում առաջացած ֆինանսական և քաղաքական ճգնաժամի ֆոնին։ Բանկի շուրջ երեք միլիոն հաճախորդ զրկվել է սեփական հաշիվներից օգտվելու հնարավորությունից, իսկ մայրաքաղաք Ասունսիոնում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Նախագահի հրաժարականը հնչել է նրա նկատմամբ իմփիչմենթի գործընթացի մեկնարկի պայմաններում․ գրում է BBC-ին։
«Ցանկանում եմ ներողություն խնդրել ժողովրդից, եթե որևէ պահի ձախողել եմ։ Իմ նպատակը երբեք չի եղել չարաշահել ձեր վստահությանը», – հայտարարել է նա սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում։
Ճգնաժամը սկսվել է, երբ Ueno բանկը հայտնվել է անվճարունակության գործընթացում, և նրա բոլոր գործառնությունները սառեցվել են։ Պատգամավորները Պենյային մեղադրել են շահերի բախման և պաշտոնեական չարաշահումների մեջ։ Մինչև անցյալ տարի նախագահը բաժնեմաս է ունեցել բանկի սեփականատեր ընկերությունում։ Ինքը՝ Պենյան, հերքել է իր կողմից իրավախախտումներ թույլ տալու վերաբերյալ պնդումները։
Նոյեմբերի 5-ին Պարագվայի Կոնգրեսի ստորին պալատը քվեարկել է նախագահի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու օգտին։ Նույն օրը խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունեցել Պենյայի հրաժարականը պահանջող ցուցարարների և ոստիկանության միջև։
Պարագվայի օրենսդրությամբ՝ նախագահի հրաժարականը պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։ Սակայն այդ հարցով հրավիրված արտահերթ նիստը հետաձգվել է՝ նախապատվությունը տալով իմփիչմենթի գործընթացի շարունակությանը։
Ուրբաթ՝ նոյեմբերի 6-ին, նախատեսված է Կոնգրեսի արտահերթ նիստ, որի ընթացքում նախագահը պետք է ներկայացնի իր պաշտպանական փաստարկները։
Պենյան X սոցիալական ցանցում հաստատել է, որ կմասնակցի Սենատում իմփիչմենթի գործընթացին՝ իր պաշտպանության իրավունքն իրականացնելու նպատակով։
«Ես կտրամադրեմ ինձնից պահանջվող տեղեկությունները։ Քաղաքացիներն արժանի են իմանալու ճշմարտությունը՝ առանց կոծկումների և առանց որևէ մեկի՝ օրենքից վեր լինելու»,- գրել է նա։
Ավելի վաղ Պենյան հայտարարել էր, որ հրաժարականի որոշումը կայացրել է երկրի կայունությունը, հասարակական խաղաղությունն ու ժողովրդավարական ինստիտուտները պաշտպանելու նպատակով։
Ueno բանկի տվյալներով՝ այն ունի շուրջ երեք միլիոն հաճախորդ, ինչը համարժեք է Պարագվայի չափահաս բնակչության մոտ 60 տոկոսին։
Բանկում պահվում էին նաև կենսաթոշակային և պետական այլ միջոցներ։ Դրա փլուզումից հետո միլիոնավոր մարդիկ զրկվել են իրենց հաշիվներին հասանելիությունից։
Պարագվայի Կենտրոնական բանկը վերահսկողության տակ է վերցրել ֆինանսական հաստատությունը։ Երկրում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ՝ նախագահի հրաժարականի պահանջով։
Սանտյագո Պենյան Պարագվայի նախագահ էր ընտրվել 2023 թվականին՝ ներկայացնելով իշխող պահպանողական «Կոլորադո» կուսակցությունը։
Թարգմանությունը ՝ Էմմա Չոբանյանի