Հայաստանում հարցվածների շուրջ 30%-ը կա՛մ չի ճանաչում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, կա՛մ նրա գործունեությունից տեղյակ չէ։ Այս մասին են վկայում Gallup-ի՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը 1001 քաղաքացու շրջանում անցկացրած հարցումները, որոնք այսօր ներկայացրեց «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Քաղաքական գործիչների շարքում ամենաբարձր վարկանիշ ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ համապատասխանաբար 31,1% և 30% հավանության ցուցանիշով։ Վարչապետի ու նախարարի վարկանիշները գրեթե հավասար են նաև բացասական ցուցանիշով՝ համապատասխանաբար 36,5% և 33,6%։
Հայաստանյան կառույցների շարքում ամենաբարձր վարկանիշ ունի Հայ առաքելական եկեղեցին․ 59,1%-ը լիովին հավանություն է տալիս եկեղեցու գործունեությանը, 13,9%-ը՝ ավելի շուտ հավանություն է տալիս։ Երկրորդ տեղում ՀՀ զինված ուժերն են․ 46,6%-ը լիովին հավանություն է տալիս, իսկ 21,2 %-ը՝ ավելի շուտ հավանություն է տալիս։
Հարցերից մեկը վերաբերել է արտահերթ ընտրություններին․ ըստ արդյունքների՝ 50%-ից ավելին կողմ է դրանց անցկացմանը։ Այսպես, 33,6%-ը կարծում է, որ արտահերթ ընտրություններ միանշանակ պետք են, 17,1%-ը՝ ավելի շուտ պետք են։ 12,2%-ը կարծում է, որ ավելի շուտ անհրաժեշտ չէ, 30,7%-ը՝ ընդհանրապես անհրաժեշտ չէ, իսկ 6,5%-ը դժվարացել է հարցին պատասխանել։
Իսկ եթե առաջիկա կիրակի անցկացվեին արտահերթ ընտրությունները, ու՞մ կընտրեին․ ամենաբարձր ցուցանիշը գրանցել է ՔՊ-ն՝ 24,3%-ը, երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստան»-ն է՝ 8,5%, երրորդ տեղում՝ «Հայաստան» դաշինք՝ 6,7%։
Միաժամանակ, հարցված քաղաքացիների 63%-ից ավելին բացասական է գնահատում կառավարության, պատկան մարմինների արձագանքը Շաքի գյուղում տեղի ունեցած դեպքերին։ Gallup-ի հարցումները ցույց են տվել, որ 9,2%-ը լիովին դրական է գնահատում կառավարության քայլերը, ավելի շուտ դրական՝ 11,1%-ը, ավելի շուտ բացասական՝ 13,2%-ը, իսկ ընդհանրապես բացասական՝ 50%-ը։